Monday, November 29, 2010

Թուրք ֆուտբոլասերների հայտնի հայազգի առաջնորդ Ալեն Մարկարյանը ենթարկվել է զինված հարձակման

News.am. 28-11-2010- Ստամբուլում զինված հարձակման է ենթարկվել հայազգի Ալեն Մարկարյանը, ով աշխարհում ֆուտբոլի երկրպագուների ամենահայտնի` Բեշիքթաշի Çarşı ակումբի ղեկավարն է, թուրքական ամենամեծ ֆուտբոլային տրիբունայի մարզասերների ղեկավարը, ամիգո (երկրպագուներին ոգեւորող եւ շոուն ղեկավարող) եւ սպորտային մեկնաբանն է։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ հայազգի ամիգո Ալեն Մարկարյանին ատրճանակով 3 տեղից վիրավորել է Բեշիքթաշի ամիգոներից Հարուն Դուլքարան։ Ըստ տեղեկությունների՝ Հարուն Դուլքարան Բեշիքթաշի երկրպագուներից մեկի մոտ Ալենի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել։ Երկրպագուն այն ամենը ձայնագրել եւ փոխանցել է հայազգի ամիգոյին։ Իմանալով այս մասին, Բեշիքթաշի Çarşı ակումբի անդամները զգուշացրել են Հարուն Դուլքարային չմասնակցել Բեշիքթաշ-Քոնյասփոր հանդիպմանը։
Ալեն Մարկարյանը այս դեպքերի կապակցությամբ ցանկացել է խոսել Հարուն Դուլքարայի հետ եւ հանդիպել նրա հետ Ուսքյուդարի նավահանգիստում։ Իր խոսակցության ձայնագրությունը լսելուց հետո Հարուն Դուլքարան կատաղել է եւ իր մոտ գտնվող ատրճանակով երեք անգամ կրակել Ալենի ուղղությամբ։
Ազդրից եւ ձեռքերից վիրավորված Ալեն Մարկարյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հալուն Դուլքարան ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն։
Նշենք, որ Ալեն Մարկարյանը ծնվել է 1966-ի հունիսի 30-ին Ստամբուլում։ Ղեկավարում է 1982-ին ստեղծված Բեշիքթաշի ֆուտբոլի եւ բասկետբոլի ակումբների երկրպագուների Çarşı ակումբը, որը աշխարհում հայտնի է՝ տրիբունաներում կազմակերպած յուրօրինակ շոուներով։

No comments:

Post a Comment