Saturday, November 27, 2010

«Ազգ». Թուրք-իրանա-ադրբեջանական նոր նախաձեռնությո՞ւն

Թերթը հայտնում է, որ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում Թեհրանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մեհամմեդբագիր Բահրամին:
Այդ հանդիպմանը, ըստ դեսպանի, քննարկվելու են տարածաշրջանային եւ միջազգային, ինչպես նաեւ եռակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Իրանի դեսպանը մասնավորապես հավաստիացրել է, որ երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ` դրանք ներկայացնելով որպես քննարկելիք հարցերից ամենակարեւորը:
Այսօրինակ հանդիպումն ինքնին հետաքրքրական է, սակայն առավել հետաքրքրական է դառնում այն տեղեկությունների ֆոնին, որ այս երեք երկրները տնտեսական գոտի կարող են ստեղծել Նախիջեւանի տարածքում: Եթե սրան գումարենք նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին այդ հանդիպմանը անդրադառնալու հեռանկարը, ինչպես նաեւ այն, որ այս նախաձեռնությունն, ամենայն հավանականությամբ, գալիս է Թուրքիայից, ապա կարելի է ենթադրել, որ Թուրքիան փորձում է դերակատարության հնարավորություն տալ Իրանին` Հայաստանի նկատմամբ իր նախաձեռնություններում:
Թուրքիայի` Իրանի հետ հարաբերությունների սերտացման համատեքստում Իրանի հետ այլ երկրների շփումների ակտիվացումը հետաքրքրական զարգացումների կարող է բերել: Ամեն դեպքում, Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ սպասվելիք հանդիպումը կարող է թուրքական մի նոր նախաձեռնության սկիզբ լինել, որի նպատակների եւ հնարավոր ազդեցության մասին կարելի է միայն ենթադրություններ անել:

No comments:

Post a Comment