Երբ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Նաիրիտ գործարանի աշխատակիցները` պահանջելով վճարել իրենց 4 ամսվա աշխատավարձը եւ վերագործարկել Նաիրիտը, ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ: Երբ վրդովված ցուցարարներից մեկը բարձրաձայնել է` «Դուք ուտում եք մեր փողերը», Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը վիրավորել է նրան. «Ես փող չեմ ուտում։ Բերում եմ քո նման համբալներին եմ կերակրում»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրուցեցինք հենց այս թեմայով:-ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը Նաիրիտի աշխատակիցներից մեկին վիրավորել էր` անվանելով նրան համբալ: Ձեր կարծիքով, որքանո՞վ է նման բառապաշարը հարիր պետական պաշտոնյային:
-Օրենքի առջեւ բոլորն էլ հավասար են: Դրա համար էլ չի կարելի նաեւ պետական պաշտոնյային վիրավորել, մանավանդ, երբ պետական պաշտոնյան իջել է, զրուցել ու որոշակի լուծումներ տվել:
-Բայց նրան ոչ թե վիրավորել էին, այլ ասել` «մեր փողերն եք ուտում»:
-Դրանից ավելի վատ մեղադրանք արդյոք կա՞: Ուրիշ էլ ի՞նչ վիրավորական բան պետք է ասեին:
-Չե՞ք կարծում, որ պետական պաշտոնյան առավելագույնս պետք է իրեն զուսպ պահի:
-Մի քանի առիթով ասել եմ` եթե մարդուն հայհոյում են, պետք է անպայման հետադարձ պատասխան լինի:
-ԱԺ-ում էլ մենք պարբերաբար ականատես ենք լինում, որ պատգամավորներն են միմյանց հայհոյում, անպատվում: Հիմա էլ նախագահի աշխատակազմի ղեկավարն է մարդկանց անպատվում: Չե՞ք կարծում, որ մեզ մոտ ինչ-որ մի բան այնպես չէ:
-Շատ լավ կլիներ, որ այդպես չլիներ: Խորհրդարանի բնույթն ուրիշ է` սա վեճի ամբիոն է եւ բնականաբար իր բացասական հետեւանքներն էլ կունենա: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե բոլորը զուսպ լինեին, բարեկիրթ, քաղաքակիրթ: Դրա համար անհրաժեշտ է ճիշտ ապրել, ճիշտ մտածել, ճիշտ գործել: Ես ինքս էլ չեմ հանդուրժի, եթե որեւէ մեկն ինձ նման բան ասի:
-Ո՞նց է ստացվում, որ շատերը կարողանում են իրենց ճիշտ պահել, իսկ ոմանց մոտ չի ստացվում դա:
-Չեմ կարծում, որ բոլորն էլ կարողանում են իրենց պահել: Տարբեր սցենարներ տարբեր ձեւով են գնում, տարբեր ձեւով է դրանց վերլուծականը գնում: Դրանք միջադեպեր են, որ մեր կյանքում պատահում են:
-Իսկ այդ միջադեպերը քննարկվո՞ւմ են ՀՀԿ-ում: Օրինակ` որեւէ մեկը կուսակցությունում հարցրե՞ց Կարեն Կարապետյանին, թե ինչու էր Նաիրիտի աշխատակցին, որը ոչ միայն աշխատավարձ չի ստացել, այլեւ վտանգել է առողջությունը այդ գործարանում, համբալ անվանում:
-Ես չեմ կարծում, որ այդտեղ քննարկման բան կա: Առավել եւս, պետական չինովնիկների խնդիրներ կուսակցությունում մենք չենք քննարկում: Ում վստահել ենք, վստահում ենք մինչեւ վերջ:
-Կարծում եք` «մեր փողերն եք ուտում» եւ «համբալ» արտահայտությունները համարժե՞ք են իրար:
-Դա ակնթարթային բան է: Հիմա ինչ ասեր… հակադարձել է վիրավորանքը վիրավորանքով: Խնդիրը բառերի մեջ չէ, խնդիրը վիրավորանքի եւ վիրավորանքին հետադարձ պատասխանելու մեջ է:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 17-11-2010
No comments:
Post a Comment