Wednesday, November 3, 2010

Կոմանդոս. ԵԱՀԿ Մինսկի խումբը բարենպաստ պայմաններ է ստեղծել Ադրրբեջանի կողմից պատերազմ սկսելու համար

News.am. 3-11-2010- ԵԱՀԿ Մինսկի խումբը կանաչ լույս է վառել Ադրրբեջանի առաջ եւ ստեղծել է առավելապես բարենպաստ իրավիճակ, որպեսզի վերջինս վերսկսի պատերազմը։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։
Նրա խոսքով, Ադրբեջանն արդեն կարող է սկսել գործել, սակայն նրան հետ է պահում երկու գործոն՝ աշխարհաքաղաքական խնդիրները եւ այն, որ «Ադրբեջանը լավ է ճանաչում իր հայրենիքը սիրող եւ դրա համար մեռնելու պատրաստ հայերին»։
«Ադրբեջանը երբեք չի համարձակվի պատերազմ սկսել՝ հաշվի առնելով մեր ուժեղ բանակի առկայությունը, որին վերջերս սկսել ենք քննադատել։ Մեր բանակը եւ ժողովուրդը երախշիքներ են, որ պատերազմը չի վերսկսվի»,- համոզմունք հայտնեց Կոմանդոսը՝ ավելացնելով, որ իր մոտ տպավորություն է, որ աշխարհի գերտերությունները ուզում են կռիվ հրահրել հակամարտող կողմերի մեջ եւ լուծել սեփական հարցերը։
«Մեր ժողովուրդը կարողացավ ապացուցել, որ թեկուզ փոքրաթիվ, բայց կարողացավ եւ կկարողանա դիմակայել Ադրբեջանի առավելությանը։ Մենք հաղթած ժողովուրդ ենք եւ պետք է հպարտանանք դրանով, այլ ոչ թե ամաչենք հաղթանակի համար»,- նկատեց Արկադի Տեր-Թադեւոսյանը։
Անդրադառնալով հայկական զինված ուժերում վերջերս գրանցված մի շարք դեպքերին՝ գեներալ-գնդապետը նշեց, որ բանակում ե՜ւ լավ, ե՜ւ վատ բաներ են կատարվում։ «Սակայն վատը փակում է լավը։ Կարծում եմ, որ այստեղ մեղավոր է Պաշտպանության նախարարությունը, քանի որ նրա կապը հասարակության հետ թույլ է։ Բանակում ամեն բան չի կարող հարթ լինել, քանի որ այն կենդանի օրգանիզմ է։ Սակայն մահվան դեպքերը բանակում շատ ցավալի են»,- ընդգծեց Կոմանդոսը։

No comments:

Post a Comment