Tuesday, November 2, 2010

Բաթումիի հայ համայնքը վստահ է, որ լրտեսության մեջ մեղադրվող երկու հայերն անմեղ են

News.am. 1-11-2010- Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող, Վրաստանի քաղաքացի հանդիսացող երկու հայերը Բաթումիում ճանաչված են որպես օրինապաշտ եւ օրինակելի մարդիկ։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում հայտարարեց Բաթումիի հայ համայնքի ղեկավարներից Էդուարդ Մուսայելյանը, լրտեսության մեջ մեղադրվող Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը միշտ հայտնի են եղել որպես կարգապահ քաղաքացիներ։ «Ես ուղղակի չեմ հավատում, որ նրանք կարող էին ներգրավված լինել լրտեսության մեջ։ Արմեն Գեւորգյանը, ով նախկինում ղեկավարում էր Բաթումիի հայ համայնքը, պարզապես Մոսկվայում բիզնես եւ բնակարան ունի։ Այնտեղ է ապրում նաեւ նրա ընտանիքը, եւ Ռուսաստանի հետ նրա կապերը շատ սերտ են»,- նկատեց Մուսայելյանը:
Նշենք, որ Բաթումիի բնակիչներ Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը Վրաստանի 20 այլ քաղաքացիների հետ միասին կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ Ասլան Աբաշիձեի ժամանակ Գեւորգյանը ղեկավարել է Աջարիայի հայ համայնքը։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին հայտարարել է, որ այս գործի մանրամասները կհայտնվեն նոյեմբերի 5-ին կայանալիք հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։Վրացական լրատվամիջոցների տվյալներով, ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել վրացի բարձրաստիճան պաշտոնյաների մասին։

No comments:

Post a Comment