«Հայկական պետականության և աշխարհասփյուռ հայության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձև և բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման և Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հենվելով առավելապես մարդկային, մշակութային և սոցիալական կապիտալի, հասարակական լիարժեք ինտեգրման ու մրցունակության վրա»,- անդրադառնալով ՀՀ նախագահի և Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հաճախակի հանդիպումներին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:Պատգամավորի խոսքերով՝ Հայաստանը և Սփյուռքը սնվում են ընդհանուր պատմա-մշակութային արմատներից և հզոր են մեկը մյուսով՝ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները Սփյուռքինն են, իսկ Սփյուռքի հիմնախնդիրները՝ Հայաստանինը:
«Հայ ժողովրդի հզորությունը բոլոր հայերի հավաքական, միասնական հզորությունն է: Մեր երկրի Նախագահի արտերկրի այցելությունների ընթացքում հայկական սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները և քննարկումները նոր լիցքեր են հաղորդում տվյալ պետության հետ մեր երկրի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում մեր հայրենակիցների կամրջող դերակատարությանը»,- ասաց Ա. Զաքարյանը:
Նա ընդգծեց, որ այդ հանդիպումները նաև խորհրդանշում և քննարկում են Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական առանցքները, որի արդյունքում գործնական նշանակություն են ստանում սփյուռքի մասնակցությամբ իրականացվող տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ:
«Հայկական սփյուռքն այսօր համարվում է նաև աշխարհում գոյություն ունեցող կազմակերպված սփյուռքերից մեկը և իր մեջ գեներացնում է հզոր ներուժ: Նախագահի նմանատիպ հանդիպումները նաև ամենաբարձ մակարդակով վստահության և ոգևորության նոր լիցքեր են հաղորդում համահայկական ներուժի համախմբման միջոցով համընդհանուր ծրագրերի իրականացմանը»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Պատգամավորի պնդմամբ՝ արտաքին քաղաքական առումով, հայկական սփյուռքը նաև խոշոր հենարան է տվյալ երկրներում հայկական քաղաքականության երեք հիմնական առաջնահերթությունների` մասնավորապես Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև Հայաստան երկրի, հայկական մշակույթի, ավանդույթների ներկայացման համար:
No comments:
Post a Comment