Tert.am. 19-11-2010- Օրերս բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականի վերլուծական բաժինը` Economist Intelligence Unit-ը, հրապարակել էր Հայաստանին վերաբերող զեկույց, որտեղ նշել էր, որ Հայաստանի նախագահի դիրքերն այժմ առավել ապահով են, իսկ ընդդիմությունը, քննադատելով կառավարության քաղաքականությունը, սեփական միասնական քաղաքական ծրագիր չի առաջարկում: «Կապիտալի» հետ հարցազրույցում հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն ասում է, թե հոդվածը պատվիրված է եղել:-Պարոն Պասկևիչյան, չե՞ք կարծում, որ իսկապես 2008թ. քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանի նախագահի դիրքերն այսօր շատ ավելի ամուր են։
-Սկսենք նրանից, որ նման հոդվածները, սովորաբար, արտասահմանյան ազդեցիկ պարբերականներում հայտնվում են որոշակի PR աշխատանքի շնորհիվ։ The Economist-ը հենց այնպես Հայաստանին չի անդրադառնում, մանավանդ երկրի ներքին խնդիրներին։ Այդ կարգի հոդվածները տպվում, վերատպվում ու հայ հասարակությանն են ներկայացվում խաբկանք առաջացնելու նպատակով. եթե արտասահմանյան հեղինակավոր պարբերականը գրում է մեր աչքի տեսածից տարբեր բան, ուրեմն, գուցե, մեր տեսածն է սխալ։ Նման հոդվածները մարդկանց մեջ անվստահություն են առաջացնում տեսնելու և ընկալելու իրենց ունակության նկատմամբ։ Ես նույնիսկ գիտեմ, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կարողանում են մուտք գործել The Economist-ի խմբագրություն, գործարք կազմել և տպագրել այս տեսակի հոդվածներ։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը, ապա սա շատ նման է քննությունից կտրված ուսանողի պատմությանը։ Քննությունը հանձնում են քննության օրը։ Հիմա, ոնց ասեմ, Սերժ Սարգսյանը 2008թ. փետրվարի 19-ին քննությունը չի հանձնել։ Բաց դռների ու լուծարքների վրա հույս դրած՝ նա կարծում է, որ վերջում մի երեք ստանալու է։ Էդ հնարավորությունը՝ ինչպես ուսանողներին, այնպես էլ իշխանություններին, տրվում է չարածն անելու, չսովորածը սովորելու համար, բայց ինչպես ուսանողներից շատերը, այնպես էլ իշխանությունները հույսը դնում են վերջում մի երեք ստանալու վրա։
-«Հայաստանում տնտեսական իրավիճակը բարելավվել է անցյալ տարի գրանցված 14.4-տոկոսանոց անկումից հետո»,- գրել է The Economist-ը:
-Բայց այդ՝ տնտեսական աճը պետք գոնե մենք՝ շարքային քաղաքացիներս մեր մաշկի վրա զգանք, չէ՞։ Նրանք միշտ խոսում են ինչ-որ մակրոտնտեսական բարելավումների մասին, մենք միշտ լսում ենք դա, բայց նաև տեսնում ենք, որ կյանքն օրեցօր վատանում է։ Այն աշխատավարձով, որ կարող էիր մի տարի առաջ ապրել, այսօր չես կարող։ Սա՞ համարենք տնտեսական իրավիճակի բարելավում։
-Բրիտանացի վերլուծաբանները փաստել են, որ 2010թ. մարտին մարտմեկյան զոհերի հիշատակին նվիրված ՀԱԿ-ի հանրահավաքը չվերաճեց կառավարության կամ իշխանությունների դեմ բողոքի ցույցի: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։
-Վերջերս Վանաձորում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ բնութագրել էր շարժումն ու ասել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, հրաշք է։ Ես շարժումներ տեսել եմ նաև Եվրոպայում, բայց այն թափը և այն խտությունը, որը կա Հայաստանում, այնտեղ չկա։ Սա, իհարկե, մշակութային տարբերության հարց է։ Այնտեղ երբեք չեն ասում՝ վայ, տեսեք, քիչ ենք։ Այնտեղ վեց հոգով էլ են դուրս գալիս փողոց, ցուցապաստառները բռնում ու կանգնում։ Կարևորը, որ այդ վեց հոգուն ոստիկանները չեն ծեծում ու պահանջում, որ ցրվեն։ Ավելին՝ նրանց խոսքը, բողոքը տեղ է հասնում։ Խնդիրը քանակը չէ։ 2008թ. փետրվար-մարտի ժողովուրդը չի անհետացել, պարզապես հանդարտվել են նախընտրական-հետընտրական կրքերն ու հույզերը։ Մարդիկ աշխատում են, սովորում են, զբաղված են։ Ամենաակտիվ զանգվածն է իր օրակարգը հարմարեցնում այնպես, որ անպայման ներկա լինի հանրահավաքներին։ Առաջ մեր ընտանիքից երեք մարդ էր մասնակցում, հիմա կամ ես եմ գնում, կամ տղաս։ Եվ դա չի նշանակում, որ մյուս երկուսը հուսահատվել են կամ անդամագրվել կոալիցիոն որևէ կուսակցության։ Այսինքն՝ հավաքվող բազմությունը ներկայացուցչական է, և դրա հետևում պետք է տեսնել ուրիշ բազմություններ և ուրիշ շերտեր։
-ՀԱԿ-ը, ըստ նույն զեկույցի, ներկայումս մեծ հնարավորություններ չունի՝ կառավարությանը խանգարելու և նշանակալի փոփոխությունների հասնելու համար:
-ՀԱԿ-ի հնարավորությունները մի կողմ թողնենք։ Նախ հասկանանք, թե ինչ է անում կառավարությունը, հետո քննարկենք նրան խանգարելու ՀԱԿ-ի հնարավորությունները։ Կառավարությունն այսօր զբաղված է օրը մի քանի հատ փոխնախարար փոխելով, ընդ որում՝ առանց հասարակությանը բացատրություն տալու, թե ինչո՞ւ է սրան հանում և ինչո՞ւ է մյուսին նշանակում։ Լրահոսում, երևի նկատած կլինեք, գրվում է՝ նախագահը կամ վարչապետն այսինչ-այսինչյանին նշանակել են, ասենք, փոխնախարար։ Քաղաքացու իրավունքն է, չէ՞, իմանալ, թե ում, որ շնորհքների համար են բարձր պաշտոն վստահում։ Ոչ մի տեղ բացատրություն չկա։ Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քամի-փոթորիկ է անում, հաջորդ օրը աշխատանքից ազատվում է առողջապահության փոխնախարարը։ Երրորդ օրն իմանում ենք, որ պատճառը նախարարի հետ հարաբերություններում եղած դիսկոմֆորտն է, իսկ չորրորդ օրը նախարարն ասում է, որ ինքը շատ խիստ ղեկավար է։ Եղա՞վ կոռուպցիայի դեմ պայքար։ Եղա՛վ։
Այսինքն՝ կառավարությունը չունի ծրագրեր, որոնց խոչընդոտելու չափով կչափվի ՀԱԿ-ի թույլ կամ ուժեղ լինելը։ ՀԱԿ-ն իր ներուժն ունի։ Դրել է արտահերթ նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիր, շուտով կհասնի այդ խնդիրների իրականացմանը։
-ՀԱԿ-ի հասցեին հնչած հաջորդ քննադատությունն այն էր, որ նա միասնական քաղաքական ծրագիր չունի և կառավարությանը քննադատում է` առանց այլընտրանքային քաղաքականություն առաջարկելու: Ձեր դիտարկումը։
-Չեմ հասկանում, իսկապես չեմ հասկանում, թե այդ ի՞նչ պիտի աներ ՀԱԿ-ը, որը գոհացներ նյութի հեղինակին կամ այն պատվիրողին։ ՀԱԿ-ն այսօր դնում է համակարգային փոփոխության խնդիր, ՀԱԿ-ն առաջարկել է շատ լուրջ տնտեսական ծրագիր, առաջարկել է սոցիալական բարեփոխումների ծրագիր, այս պահին մշակվում է մշակութային բարեփոխումների ծրագիրը։ Ես չգիտեմ՝ որևէ ընդդիմություն, որը զբաղված լինի նմանատիպ խնդիրներով։ Կա ևս մի շատ կարևոր հանգամանք, որի մասին կցանկանայի խոսել. ՀԱԿ-ն ունի արագ արձագանքման մեխանիզմ, այսինքն՝ ցանկացած լավ կամ վատ իրողությանը շատ արագ է արձագանքում՝ հայտարարություններով, ակցիաներով, պիկետներով և այլ միջոցներով։
-Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև իշխանական կոալիցիային և ասվում է, որ «լարվածությունը սրված է մնում իշխանական կոալիցիայի ներսում»:
-Հին անեկդոտ կա ապարանցիների մասին։ Ասում են՝ երեք ապարանցի թալանում են գյուղի խանութը, դուրս գալուց առաջ պարտքացուցակից ջնջում իրենց անուններն ու այդպես բռնվում։ Կարելի է հաստատ ասել, որ The Economist-ի պատվիրատուներն այդ ապարանցիներից բավական խելոք են ու ձեր ասածը գրել են, որ ոչ ոք գլխի չընկնի։
-Դուք խոսեցիք արտահերթ ընտրությունների մասին, սակայն հանրապետականները պատրաստվում են հերթական ընտրություններին և դեռ ավելին՝ համոզված են, որ հաջորդ խորհրդարանում նորից մեծամասնություն են կազմելու։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Նորից դառնամ ուսանողի և քննության օրինակին։ Ուսանողներ կան, որ մինչև համալսարանից դուրս չմնան, չեն հասկանում քննությանը պատշաճ կերպով պատրաստվելու անհրաժեշտությունը։ Սա նրանից է, որ դասախոսը (միջազգայինները) կամ թույլ ու անսկզբունք է, կամ կաշառվող է, կամ ծանոթ- բարեկամի խորհուրդներին ականջ դնող, կաþմ էլ շահադետ. ասում է՝ լավ, մի երեք կդնեմ, բայց կիրակի կգաս, ամառանոցիս հողամասը կփորես։ Կարծում եմ՝ մանրամասնելու կարիք չկա։
-Իսկ Մարտի 1-ն իշխանությունների համար դաս չդարձա՞վ։
-Մարտի 1-ին արձակված գնդակները դեռ գնում են։ Հետհարվածը (ռեկոշետն) անխուսափելի է։ Իշխանությունները չեն հասկանում այս բանը և կարծում են, թե կարողացել են կամ կկարողանան շրջել Մարտի 1-ի էջը։ Շատ դժվար է, չեմ նախանձում նրանց:
No comments:
Post a Comment