Tert.am. 24-12-2010- ՀԱԿ ներկայացուցիչ Վարդգես Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության դիմաց շարունակում է իր բողոքի ակցիան։ Նախորդ երկուշաբթի օրվանից ի վեր՝ նա ամեն օր այստեղ բողոքի ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։«Ես պահանջում եմ դադարեցնել բռնությունները կալանավայրերում, քաղբանտարկյալների, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,– Tert.am-ին ասաց Վարդգես Գասպարին։ Մեր հարցին, թե այս օրերին Քրեակատարողական վարչությունից որևէ մեկը փորձե՞լ է հանդիպել իր հետ, լսել իր պահանջը, Գասպարին պատասխանեց, որ ընդամենը ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկ-երկու ոստիկան են իրեն այցելել ու ասել, որ հեռանա տարածքից։
«Ես էլ ասացի, որ դուք իրավունք չունեք ինձ նման բան ասելու»,– ասաց Գասպարին՝ ավելացնելով, որ իրեն հեռացնելու փորձերից հետո ոստիկանները զանգահարել են «հավանաբար իրենց վերադասին», ապա հեռացել։
Ինչ վերաբերում է ՔԿՀ վարչությանը որևէ պահանջագիր կամ նամակ ներկայացնելուն, Գասպաարին ասաց. «Ես ոչինչ չունեմ նրանց հանձնելու, իմ պահանջը հստակ ասված է իմ ցուցապաստառում՝ «Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Նիկոլից»»։
Վարդգես Գասպարին պատրաստվում է շարունակել իր բողոքի ակցիան «մինչև նախատոնական վերջին օրը»։ «Ուզում եմ վերջին օրն էլ մասնակցել, որ հիշեցնեմ, թե իրենք ինչ կեղտոտ ձեռքերով են գնում ու իրենց ընտանիքների հետ նշում Ամանորը։ Ուզում եմ հիշեցնել, որ իրենց հանցագործությունները շալակած են գնում տուն»,– ասաց Վարդգես Գասպարին։
No comments:
Post a Comment