Saturday, January 29, 2011

ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը վերսկսվել է ընթացակարգային խախտումներով. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ բյուրոյի այսօրվա նիստը, որի ընթացքում որոշվել է վերսկսել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը, անցկացվել է ընթացակարգային խախտումներով։ Այս մասին Ստրասբուրգից Tert.am-ին ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Ըստ նրա՝ համաձայն ԵԽԽՎ կանոնադրության՝ հայկական պատվիրակությունը քարտուղարություն էր ուղարկել բաց նամակ, որում մանրամասնվում է, թե ինչու է մեզ համար անընդունելի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը ԵԽԽՎ շրջանակներում։ «Այսօր առավոտյան արդեն այդ նամակի կրկնօրինակները պետք է լինեին Վեհաժողովի բյուրոյի անդամների սեղանին, սակայն հայկական պատվիրակության անդամները նկատել են, որ նամակները սեղանների վրա չեն»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը վերսկսելով՝ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն իրականացրեց իր գերակա խնդիրներից մեկը։
Նաիրա Զոհրաբյանը ցավով արձանագրեց, որ բացի հայկական պատվիրակության անդամներից, որևէ մեկը նիստի ընթացքում առարկություն չի հայտնել ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու կապակցությամբ։
Հայկական կողմի համար հատկապես տարօրինակ է այն, որ Վեհաժողովում ֆրանսիայի ներկայացուցիչը ևս որևէ առարկություն չի ներկայացրել։ «Մինչդեռ երեկ ես ինքս եմ հանդիպել Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, նրան հանձնել նամակը, բացատրել, հիմնավորել, թե ինչու է աննպատակահարմար, որպեսզի այդ ենթահանձնաժողովը գործի ԵԽԽՎ ֆորմատում։ Ես նրան հիշեցրել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ բազմիցս նշվել է, որ Մինսկի խմբին զուգահեռ որևէ այլ ֆորմատի գործունեությունը նպատակահարմար չէ։ Նա խոստացավ, որ ինքը կփորձի Բյուրոյում այդ խնդիրը բարձրացնել, բայց Բյուրոյի նիստի ժամանակ նա որևէ ծպտուն չհանեց։ Հայկական կողմը պետք է անպայման ֆրանսիական կողմին ներկայացնի իր դիրքորոշումը»,- պատմեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Երևան վերադառնալուն պես դիմելու է Մինսկի խմբի ֆրանսիացի համախագահին՝ պահանջելով բացատրել, թե ինչո՞վ են զբաղվում իրենց պատվիրակները միջազգային կառույցներում և ո՞ր երկրի շահերն են պաշտպանում։ Ըստ Զոհրաբյանի՝ դա Ֆրանսիայի տեսակետը չէ, որովհետև Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, բազմիցս պաշտպանել է խնդիրը բացառապես Մինսկի խմբի ձևաչափում պահելու տեսակետը։
«Մենք մեր հայտարարության մեջ ասել ենք, որ հայկական կողմը նպատակահարմար չի գտնում նման վարժանքներին մասնակցելը, որն ուղղակիորեն կարող է վնասել բանակցային գործընթացին»,- ասաց Զոհրաբյանը։
Հայկական պատվիրակությունը նաև կարծում է, որ ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում կատալոնացի Հորդի Խուկլա ի Կոստայի նշանակումը նույնպես ընթացակարգային խախտումներով է եղել։

No comments:

Post a Comment