Saturday, January 22, 2011

Ինչո՞ւ է լռում ԱՄՆ-ի պետդեպարտամենտը. հարցազրույց Դավիթ Ջամալյանի հետ

Առաջիկայում ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակելու է աշխարհում մարդու իրավունքների մասին իր ամենամյա զեկույցը: Անցյալ տարի այդ զեկույցով ադրբեջանական բանակին տրված գնահատականը բավական հեռու էր իրականությունից: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ զեկույցը հիմնվում է բաց աղբյուրների հիման վրա, ինչի պատճառով էլ հարևան երկրի բանակի մասին գնահատականը օբյեկտիվ չէ:

-Պրն Ջամալյան, ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ի պետդեպի այս տարվա զեկույցում անդրադարձ կլինի՞ Հայաստանի զինված ուժերին:
-Կարծում եմ՝ կարևորը ոչ թե այդ զեկույցում Հայաստանի զինված ուժերին անդրադարձ լինել-չլինելն է, այլ այդ անդրադարձի բովանդակությունը: Մեզ համար` իբրև ԱՄՆ-ի գործընկեր երկրի, կարևոր է, որ այդ անդրադարձը բառիս բուն իմաստով լինի օբյեկտիվ: Օրինակ՝ 2009թ. տարեկան զեկույցում նույնպես անդրադարձ է եղել Հայաստանի զինված ուժերին: Հնչեցվել է քննադատություն, որն ունի ռացիոնալ կողմեր: Սակայն այդ զեկույցում հատկանշականը դա չէր. մեր բանակի խնդիրներին մենք տեղյակ ենք. ոչ ոք երբևէ չի քողարկել դրանք: Այնտեղ տարօրինակն այն էր, որ զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող մասում այդ երկրի զինված ուժերին վերաբերող հատվածը մի տեսակ «ստերիլ» էր ստացվել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Հատուկ նշենք՝ այս հարցը մեզ հետաքրքրում է հրապարակված զեկույցի արժանահավատության, անկողմնակալության, հետևաբար՝ նաև նրա հանդեպ վստահելիության տեսանկյունից:
Ակնհայտ է, որ զեկույցը պատրաստող պաշտոնյաները հիմնվել էին բաց աղբյուրների վրա: Բայց չէ՞ որ Ադրբեջանում բրեժնևյան լճացման տարիներին բնորոշ գրաքննության գոյության պայմաններում բաց աղբյուրներից շատ բան իմանալ հնարավոր չէ: Իհարկե, եթե հիմնվել նման «բաց» աղբյուրների վրա, ապա անշուշտ կարելի է ստանալ «ստերիլ» զեկույցներ, այլ հարց է, թե որքանո՞վ է այդ կերպ ստացված զեկույցը արժանահավատ: Անմիջապես ծագում է նաև հաջորդ հարցը. ինչո՞ւ մեր ամերիկացի գործընկերները չեն ցանկանում նկատել ադրբեջանական բանակում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը:

-Իսկ ինչպիսի՞ն է այդ առումով վիճակը մեզ մոտ:
-Ես բնավ հակված չեմ անհարկի «ստերիլիզացնել» իրականությունը, սակայն ակնհայտ է, որ մեր երկրի Զինված ուժերի մասով 2009թ. զեկույցը հագեցել էր նման մռայլ գույներով հենց այն պատճառով, որ մեր բանակը ավելի բաց է դարձել հանրային վերահսկողության համար: Ի դեպ, չգիտես ինչու, այս հանգամանքը տեղ չէր գտել այդ զեկույցում: Իսկ, առհասարակ, կցանկանայի ընդգծել հետևյալը. մեր բանակի խնդիրները առաջին հերթին հուզում են մեզ, և հենց մենք ենք առաջին հերթին շահագրգռված դրանց վերացմամբ: Եվ այդ ուղղությամբ քիչ բան չի արվում. ասվածի ապացույցը զորամասերից մեկի հրամանատարի պաշտոնանկությունն ու ձերբակալությունն է, որն իրեն ապօրինություններ էր թույլ տվել:

-Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ մեր երկրի համար այդ զեկույցները:
-Առհասարակ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցները տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իրենց ազդեցությունն են ունենում ամերիկյան կառավարության կողմից այս կամ այն պետությանը ֆինանսապես աջակցելու որոշման վրա: Սակայն, իմ կարծիքով, տվյալ դեպքում առավել կարևորն այն է, որ այդ զեկույցները նպաստեն գործընկեր երկրների հետագա ժողովրդավարացմանը: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ զեկույցները գործընկեր երկրների հանրային ընկալումներում երկակի չափանիշների կիրառման կասկածների տեղիք չտան:

No comments:

Post a Comment