Saturday, January 22, 2011

Համլետ Պետրոսյան. “Խաչքարը հորինվածք է, եւ ոչ քարին պատկերված խաչ”

Report.am. 21-1-2011- Խաչքարագործության գոյությունը հազարամյակներով ենք հաշվում եւ բարեբախտաբար այսօր էլ մենք` հայերս, այդ արվեստի ոչ միայն կենսունակ կրողն ու արարողն ենք, այլեւ սկզբնավորողը։ Ասվածը փաստվեց նաեւ նախորդ տարվա նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության” ցանկում Հայաստանի ներկայացրած` “Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը. հայկական խաչքար” հայտի ներառմամբ։ Սակայն անգամ այս` մասնագետների կասկածը չհարուցող իրողությունը Ադրբեջանն օգտագործեց խեղաթյուրումն ու կասկածը որպես անշեղելի ճշմարտություն մատուցելու համար եւ հայտարարեց ու գոնե իր ժողովրդին համոզեց, թե խաչքարագործությունը բուն հայկական արվեստ չէ եւ հատուկ է նաեւ ուդիներին։ Հայաստանում, սակայն, բնական համարվեց հայտի` ցուցակում ներառելը, ու մամուլում հատուկենտ հրապարակումներով թույլ արձագանք ստացավ ադրբեջանական կեղծ հավաստումը։ Մասնագիտական արձագանքի անհրաժեշտությունը կարեւորեցին հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու պատմաբան Համլետ Պետրոսյանը։
“Խաչքարագործության արվեստը հատուկ է նաեւ ուդիներին, որոնք ինչ-որ չափով ձուլվել են հայերի հետ եւ եղել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները, հայերեն են խոսել եւ ինչ-որ ժամանակ իրենց հայ համարել։ Ուդիների խաչքարերը համարյա չեն տարբերվում հայկական խաչքարերից, թերեւս միակ տարբերությունը խաչքարերի հեղինակների անուններն են”,- կարծիք հայտնեց Սամվել Կարապետյանն ու ընդգծեց, որ խաչքարագործությունը ունի մի ծագում` հայկական։
Վերջինում լիովին համակարծիք լինելով հանդերձ` Համլետ Պետրոսյանն այլ տեսակետ ունի. ”Սկսած ղպտիներից մինչեւ մեր օրերը, քրիստոնեական բոլոր եկեղեցիները խաչը` որպես քրիստոնեության ինքնության նշան, օգտագործում են բոլոր առիթներով։ Սպասել, որ ուդիի կամ այլ քրիստոնյա ազգի տապանաքարին խաչի պատկեր չլինի, իհարկե անհեթեթություն է։ Խաչքարն ամենեւին էլ քարի վրա խաչի պատկերը չէ։ Այն հատուկ հորինվածք է` տեղադրված քարի վրա, որը ներառում է կենտրոնում խաչերով հանդերձ բուսաերկրաչափական կենդանաբանական եւ մարդկային պատկերաքանդակային միավոր, որն էլ ամբողջանում է արձանագրությամբ։ Եթե չունենայինք այդ հորինվածքը, չէինք ունենա նաեւ խաչքարային մշակույթ։ Այսինքն, ուդիները չեն կարող մատնանշել իրենց պատկանող ոչ մի խաչքար. նման բան գոյություն չունի։ Կան 15-16 -րդ դարի խաչքարային ֆենոմենի մասնակի, ծայրամասային արտահայտություններ, որոնք ակնհայտորեն պատկանում են հայերին, ովքեր այդտեղ են տեղափոխվել հիմնականում Արցախից։ Ոչ միայն ուդիները, այլեւ Կովկասյան Աղվանքի որեւէ ժողովուրդ խաչքար չի ստեղծել”:
Եվ մինչ հայկական գիտական միտքը, խաչքարային մշակույթի ծագումն ու պատկանելությունը իրավամբ կասկածից դուրս թողնելով, փորձում է ճշգրտումներ կատարել որեւէ այլ ազգի խաչքար ստեղծել-չստեղծելու հարցում, Ադրբեջանը ոչ միայն այդ հարցն է աղավաղում ու շահարկում, այլեւ գործում է Հարավային Կովկասի պատմությունն իրեն հարմար կերպով արտագրելու եւ համաշխարհային հանրությանը հաջողությամբ հրամցնելու ուղղությամբ։ Ու թե այս կերպ շարունակվի, հավանական է` ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության” ցանկում ներառելու համար Հայաստանի ներկայացնելիք հայտը, որ նախնական որոշմամբ լինելու է հայոց այբուբենը, նույնպես այս կամ այն կերպ կասկածի տակ առնվի ադրբեջանցիների հրահրմամբ։ Ու ինչպես խաչքարագործության պարագայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հանձնաժողովում հավելյալ քննարկում կազմակերպվի, իսկ ադրբեջանական կայքերն էլ ի լուր աշխարհի բարձրաձայնեն իրականության հետ որեւէ եզր չունեցող իրենց հերթական ցանկությունը։
ՆԱՐԵ ՀԱՅԿԱԶՅԱՆ

No comments:

Post a Comment