Saturday, January 22, 2011

Ռուսաստան-Հայաստան գազատարը կվաճառվի Ադրբեջանին, եթե նա ավելի շատ վճարի. Վրացի փորձագետ

News.am. 22-1-2011- Հայաստանն ու Վրաստանը հարեւաններ են արդեն դարեր շարունակ եւ բարձր մակարդակի պարբերաբար շփումները նրանց միջեւ անխուսափելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնական այցելությունը Հայաստան: Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունները վերջապես եկավ մի պահ, երբ հասկացան, որ տարածաշրջանից ավելի մոտ ոչ ոք չկա եւ չի կարող լինել, որի հետեւանքով էլ Սահակաշվիլին կտրուկ ակտիվացրեց իր գործունեությունը Հարավային Կովկասում: Քաղաքագետի կարծիքով, Սահակաշվիլիի այցելությունը Հայաստան հենց այս համատեքստում պետք է դիտարկել:
«Նման հանդիպումներն ուղղակի անհրաժեշտ են հարեւանների միջեւ: Վրաստանի նախագահի այցելության ժամանակ քննարկվելու է մասնավորապես, Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրումների գների խնդիրը, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան գազատարի վրացական հատվածի հնարավոր վաճառքն Ադրբեջանին»,-ասել է քաղաքագետը, հավելելով, որ այդ դեպքում Սահակաշվիլին կգործադրի բոլոր ջանքերը հայկական կողմին համոզելու համար, որ այդ խնդրին ավելի մեղմ տեսանկյունից մոտենա:
«Վրաստանը շահագրգռված է վաճառել այդ գազատարը: Ես կտրականապես դեմ եմ դրան, քանի որ վաճառքի դեպքում պետությունը կորցնում է վերահսկողությունը գազատարի վրա, իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ այն հայտնվի Ռուսաստանի ձեռքում: Սակայն, ես վստահ եմ, որ վաճառքը կրում է զուտ կոմերցիոն բնույթ, եւ եթե անգամ այն իսկապես, վաճառվի, ապա միայն նրան, ով ավելի ձեռնտու պայմաններ կառաջարկի»,- վստահություն է հայտնել Զաքարեիշվիլին:
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմին եւ նրան պաշտոնական կարգավիճակ տալուն, Պաատա Զաքարեիշվիլին պատասխանել է, որ ցանկացած եկեղեցի Վրաստանի տարածքում, այդ թվում հայկական եւ վրացական, պետք է ունենան հավասար իրավունքներ: «Ես խորապես համոզված եմ, որ եթե Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրա ազգային պատկանելությունից, հնարավորություն տրվի ազատորեն բավարարել իր կրոնական պահանջմունքները, մթնոլորտը Վրաստանում ավելի հանդարտ կլինի: Դա ընդհանրապես քաղաքական գործիչների խնդիրը չէ, թող եկեղեցիները իրար մեջ լուծեն այդ բնույթի հարցերը»,- ամփոփել է նա:

No comments:

Post a Comment