Saturday, January 29, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՎ

«Լրագիր» 28-1-2011- Դավոսում տեղի է ունենում միջազգային տնտեսական ամենամյա համաժողովը, որը թերեւս աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, եթե ոչ ամենահեղինակավորը: Այդ համաժողովին մասնակցում են, ելույթ են ունենում պետությունների ղեկավարներ, հայտնի տնտեսագետներ: Հայաստանից Դավոսում որեւէ մեկը չկա: Այդ բացակայությունը զարմանալի է այն հայտարարությունների ֆոնին, որ կատարում է Հայաստանի իշխանությունը տարբեր ոլորտներում տարածաշրջանային կենտրոններ դառնալու կապակցությամբ: Այդպիսի հավակնություն ներկայացնող երկրի բացակայությունը Դավոսի ամենամյա հեղինակավոր համաժողովում պարզապես զարմանալի է:
Թեեւ, մյուս կողմից, զարմանալու բան կարծես թե չկա էլ: Տարբեր տարածաշրջանային եւ գլոբալ հավակնությունների հայտ ներկայացնող Հայաստանի իշխանությունն ինքն ամենից լավ գիտե, որ դրանք անում է բացառապես ներքին սպառման համար, որպեսզի Հայաստանի քաղաքացիները “կերակրվեն” այդ հայտարարություններով եւ հավակնություններով: Իշխանությունն ինքն իրեն ամենից լավ գիտե, եւ նաեւ լավ գիտե, որ արտասահմանցի ներդրողներն էլ իրեն լավ գիտեն: Իսկ ով գիտե Հայաստանի իշխանությանը, ով գիտե, թե ինչ է իրենից ներկայացնում այդ իշխանությունը, ինչ մտածողություն, ինչ հոգեբանություն, ինչ արժեհամակարգ, ինչ աշխարհայացք, փոխհարաբերությունների ինչ կանոնակարգ, հազիվ թե ունենա այդ իշխանության գլոբալ հավակնությունները լուրջ ընդունելու միամտություն: Ով լուրջ կընդունի մի երկրի գլոբալ հավակնություններ, որտեղ մենաշնորհները ոչ թե կազմաքանդվում են, այլ ավելի ու ավելի են ամրապնդում իրենց դիրքերը, որտեղ բբիզնեսի եւ իշխանության սերտաճումը գտնվում է աներեւակայելի բարձր մակարդակի վրա, որտեղ հայտարարվում են բարեփոխումներ, բայց դրանից ոչ թե հասարակության, շարքային քաղաքացիների կյանքն է բարելավվում, կյանքի որակը փոխվում, այլ ավելանում է օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների տերերի գրպանի պարունակությունը: Այդպիսի երկիրը, որը զուրկ է նաեւ բնական էներգետիկ պաշարներից, Դավոսում անելիք չունի: Նրա գլոբալ հավակնությունները Դավոսում ծիծաղ, լավագույն դեպքում ժպիտ կարող են առաջացնել, բայց ոչ հետաքրքրություն:

Դրանից բացի, Հայաստանը թերեւս կարիք չունի Դավոս գնալու, որովհետեւ այնտեղ է Ռուսաստանը: Խոսքը միայն այն մասին չէ, որ Դավոսի հերթական համաժողովի գլխավոր բանախոսը ՌԴ նախագահ Մեդվեդեւն էր: Բանն այն է, որ Ռուսաստանից Դավոսում էր նաեւ “Տրոյկա Դիալոգ” ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը: Նրա ներկայությունը թերեւս գնահատելի էր նաեւ Ռուսաստանի համար, որովհետեւ ռուսական Վեստի 24 հեռուստաալիքը Ռուբեն Վարդանյանի հետ բավական ծավալուն հարցազրույց էր եթեր հեռարձակում Դավոսից: Իսկ Վարդանյանը վերջին շրջանում բավական մեծ կշիռ է ձեռք բերել Հայաստանի տնտեսության մեջ: Նա խոշոր ներդրում է կատարել զբոսաշրջության ոլորտում` Տաթեւի ճոպանուղու տեսքով, խոշոր ներդրում է արել բանկային ոլորտում` Ամերիաբանկի տեսքով, նա պատրաստվում է ներդրում անել կրթական ոլորտում` Դիլիջանի դպրոցի տեսքով:

Ըստ ամենայնի, Ռուբեն Վարդանյանը Դավոս 2011-ում Հայաստանի դեսպանն է: Թվում է, թե լավ է, քանի որ Ռուբեն Վարդանյանը միջազգային համբավ ունեցող, բավական հաջողությունների հասած գործարար է, որը Հայաստանի գավառական բիզնես-մշակույթից ավելի վեր կանգնած բիզնես-մշակույթի կրողի իմիջ ունի: Այստեղ գուցե շատերը վիճելի համարեն այդ բնորոշումը, բայց բանն այժմ դա չէ:

Խնդիրն այն է, որ փաստացի ստացվում է, որ Հայաստանն սկսում է միջազգային հանրությանը, թեկուզ առայժմ բիզնես հանրությանը եւ առայժմ ոչ պաշտոնական մակարդակով, ներկայանալ Ռուսաստանի միջոցով, թեկուզ ռուսաստանահայ գործարարի: Այսինքն ստացվում է, որ Ռուսաստանն այդ առումով փոխարինում է Հայաստանին: Այդ մասին որեւէ մեկն ուղղակի չի հայտարարել, բայց նկատի ունենալով Հայաստանի որեւէ մակարդակով բացակայությունը Դավոսում, ինչպես նաեւ Ռուբեն Վարդանյանի վերջին շրջանի բարձր ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, թերեւս հնարավոր է եզրակացնել, որ հենց այդպես էլ կա` ռուսաստանցի գործարարը Դավոսում ներկայացնում է նաեւ Հայաստանի շահը:

Դա իհարկե կարող է բավական վտանգավոր միտում լինել: Փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանի հայ մեծահարուստները կամա, թե ակամա նպաստում են միջազգային ասպարեզում Հայաստանին Ռուսաստանով փոխարինելու գործընթացին: Այդ դեպքում արդեն Հայաստանում նրանց ակտիվ գործունեության ծավալումը նույնպես կամա, թե ակամա ծառայում է դրան: Եթե ներդրումները Հայաստանի տնտեսությունում կատարվում են Հայաստանի ռուսաֆիկացման գլոբալ նպատակով, ապա դրանք որքան կարեւոր են Հայաստանի տնտեսական կյանքի աշխուժացման համար, այդքան վտանգավոր են դառնում սուվերենության պոտենցիալի տեսանկյունից:

Դավոսի համաժողովում պաշտոնական Երեւանի լիակատար բացակայությունը թերեւս դրա լուրջ ազդակներից մեկն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment