Saturday, January 22, 2011

ՄԻԱՅՆ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՅՈՒՆ ՀԻՄՔ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ

Սույն թվականի հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է:

Այդ հիմնախնդիրներից առավել կարևոր են.
• Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը:
• Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը:
• Ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը:
• Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը:
• Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը:
• Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:

Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար:


Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

Ախալքալաք-Երևան,
21 հունվար, 2011թ.

No comments:

Post a Comment