Monday, February 21, 2011

ԻՆՉՈՒ ՁԱՅՆ ՏԱՆ ԲՀԿ-ԻՆ ԿԱՄ ՕԵԿ-ԻՆ

«Լրագիր» 21-2-2011- Կոալիցիոն նոր հուշագիրը, որ ստորագրեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, մինչեւ ԲՀԿ համագումար գոյություն չի ունեցել, իր նախկին հայտարարությունները փետրվարի 21-ին Դե ֆակտո ակումբում վերահաստատեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Նա ասել է, որ հուշագիրը շրջանառության մեջ է դրվել համագումարից հետո: Խաչիկ Գալստյանը նշել է, որ ԲՀԿ-ն այն հանգամանալից եւ լուրջ քննարկել է թե պատգամավորների, թե նախարարների մակարդակով, ու կայացրել իր որոշումը: Խաչիկ Գալստյանը նշել է, որ ստորագրելով այդ նոր հուշագիրը, ԲՀԿ-ն ցույց է տվել, որ հանդիսանում է հանրապետության սթափ քաղաքական ուժերից մեկը: Գալստյանը նշել է, որ կոալիցիոն նոր հուշագիրը ստորագրելը բխում էր պետության եւ ժողովրդի շահից: Նա համաձայն չէ, որ ստորագրումով ԲՀԿ-ն ՕԵԿացավ: Գալստյանը նշել է, որ ԲՀԿ վարկանիշը առաջիկայում ավելի կաճի:

Հարցին, թե արդյոք կոալիցիոն նախկին հուշագիրը չէր բավարարում արտաքին ու ներքին մարտահրավերները դիմագրավելուն, Խաչիկ Գալստյանը պատասխանել է, որ այն ուներ ժամկետ` մինչեւ 2012 թվականի մայիս: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը ասել է, որ եթե կոալիցիոն ուժերն ունեն ռազմավարական ընդհանուր նպատակներ, ապա ինչու եւս մի նոր հուշագրով ավելի երկարաժամկետ առումով չամրագրեին իրենց այդ նպատակներն ու միասնականությունը:

Միեւնույն ժամանակ, Խաչիկ Գալստյանը նշել է, որ խորհրդարանի ընտրությանը ամեն ինչ որոշելու է ժողովրդի ձայնը, եւ ինչքան քաղաքական ուժերը կարողանան հասարակությանը ներշնչել, որ իր ձայնն է որոշիչ, այդքան մեր կյանքից դուրս կգան ընտրությունների հետ կապված նկարել, տեղեր տալ եւ համանման հասկացությունները: Հարցին, թե կոալիցիոն հուշագրից հետո ինչու պետք է ընտրողը ձայն տա ԲՀԿ-ին, կամ ՕԵԿ-ին, Խաչիկ Գալստյանը պատասխանել է` «այդ դեպքում ձայն կտան իշխանությանը»»:

Նա ասել է նաեւ, որ ի տարբերություն 2007 թվականի, Հայաստանը խորհրդարանի 2012-ի ընտրությանը լինելու է բոլորովին այլ «քաղաքական ռեալություններով»: Խաչիկ Գալստյանը նշել է, որ այն ժամանակ այլ իրավիճակ էր ընդդիմադիր դաշտում, իսկ այժմ այլ է եւ կա ուժեղ ընդդիմություն: Նա այդ շարքում նշել է Կոնգրեսին, ՀՅԴ-ին եւ Ժառանգությանը, ասելով, որ գուցե նաեւ Ժողովրդական կուսակցությունը մեկ տարվա ընթացքում հավաքի այնպիսի «աբարոտներ», որ բոլորս զարմանանք:

Խաչիկ Գալստյանը նշել է նաեւ, որ միգուցե կոալիցիայի կոնսոլիդացումը ընդդիմությանն էլ մղի կոնսոլիդացման եւ Հայաստանն այդժամ կլինի այլ որակի քաղաքական իրադրությունում: Այդուհանդերձ, ԲՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ կոալիցիան կպահպանի խորհրդարանում իր եղածն ու նաեւ կավելացնի:

No comments:

Post a Comment