Monday, February 21, 2011

Ռոբերտ Ավետիսյան. «ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար»

Panorama.am. 21-2-2011- Փետրվարի 17-ին Միացյալ Նահանգներում ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություն է կարդացել Վաշինգտոնի Ջորջ Մեյսոն համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ կարգավորման ինստիտուտում:
«ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար»,- նշել է Ռ.Ավետիսյանը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջիվերջո կառուցողական դիրքորոշում կորդեգրի, ինչը միայն հնարավոր կդարձնի կարգավորումը:
Միջոցառումը, որը վարել է Ինստիտուտի տնօրեն պրոֆ. Անդրեա Բարտոլին, կենտրոնացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման իրավական, քաղաքական եւ հումանիտար կողմերի, ինչպես նաեւ Արցախի ձեռքբերումների եւ զարգացման հեռանկարների վրա:

Իր ելույթում Ռ.Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ կազմավորման պատմությանը, իրավական ասպեկտներին եւ այն մարտահրավերներին, որոնք կանգնած են նորանկախ ժողովրդավարության առջեւ:

Ելույթից հետո ԼՂՀ դիվանագետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերվել են հակամարտության տարբեր ասպեկտներին: Եզրափակելով հանդիպումը` Արցախի պատվիրակը վերահաստատել է հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր երկրի հանձնառությունը եւ ընդգծել, որ կոնֆլիկտի հանգուցալուծումը կարող է երկարաժամկետ լինել, միայն եթե հաշվի առնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան գոյության փաստը:

No comments:

Post a Comment