Panorama.am. 18-2ռ2011- Արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական ալիքն Ադրբեջանի կառավարությանը ստիպել է գործի անցնել` կոռուպցիայի և կաշառակերության հարցում: Արդեն մի քանի չինովնիկներ հեռացվել են աշխատանքից: Սակայն Ադրբեջանում կոռուպցիայով միայն չինովնիկները չեն զբաղված:«Բիզիմ յոլ» թերթի տեղեկություններով, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը օլիգարխ-չինովնիկներից ոչնչով չի տարբերվում: Բաքվի պետական համալսարանի դասախոս Մ.Փանահովն այդ պաշտոնում նշանակվելուց հետո դարձել է Բաքվի կենտրոնում երկնաքերերի, հյուրանոցների, առանձնատների, ռեստորանների և թանկարժեք մեքենաների տեր: Ընտրական օլիգարխ Մ. Փանահովն այժմ ապրում է արաբական շեյխերին հատուկ շքեղ կյանքով:
Թերթը գրում է, որ Մ. Փանահովը բնակվում է Բաքվի Միրզա Ֆաթալի 152 հասցեում պատգամավորների համար կառուցված շենքում, որտեղ բնակվում են նաև Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակներ Զիյաֆաթ Ասկերովն ու Բահար Մուրադովան: ԿԸՀ նախագահը շենքում իր համար 100 հազար դոլար արժողությամբ առանձին վերելակ է տեղադրել: Նրա ընտանիքին 9 ավտոմեքենա է սպասարկում, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 100 հազարից ավելի է: Մ. Փանահովի ունեցվածքը գնահատվում է հարյուրավոր միլիոններ: Միայն ԿԸՀ նոր շենքի շինարարությունից միլիոնավոր դոլարներ է յուրացվել: Այն պետբյուջեի վրա 30,605 մլն մանաթ (մոտ 36 մլն դոլար) է նստել, իսկ փորձագետների հաշվարկներով, շենքի վրա 7 մլն մանաթից (մոտ 9 մլն դոլար) ավելի չէր կարող ծախսվել: Բացի այդ, ամեն տարի ԿԸՀ-ի համար պետբյուջեից մի քանի միլիոն մանաթ է հատկացվում, որի մեծ մասը յուրացվում է քարոզչական նյութերի հրատարակման, տեղական ընտրական հանձնաժողովների համար անցկացվող տարբեր դասընթացների և ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների անվան տակ:
«Անցյալ տարի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար կառավարությունը ԿԸՀ-ին 38 մլն 577 հազար մանաթ (մոտ 44 մլն դոլար) է հատկացրել: Սակայն, ըստ հավաստի տեղեկությունների, դրա 40 տոկոսը ԿԸՀ ղեկավարությունը յուրացրել է: Եթե Ֆինանսների նախարությունն ու այլ կառույցներ դրա հետ կապված ընտրատեղամասերում հետազոտություններ անցկացնեն, միանշանակ կարող են լուրջ կոռուպցիոն փաստեր հայտնաբերել»,- համոզմունք է հայտնում թերթը:
No comments:
Post a Comment