«Լրագիր» 18-2-2011- Հայաստանում երկար տարիների ընթացքում առաջին անգամ բարձրաձայն խոսում են ռուսական ռազմական բազայից հրաժարվելու և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու հնարավորության մասին: Այդ հնարավորության մասին հրապարակայնորեն խոսել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում, մասնավորապես ամերիկացի փորձագետ Արիել Կոենը չի բացառել նման հնարավորությունը:Հայաստանը այս փուլում պետք է ընտրի անվտանգության երկու համակարգերի միջև: Ոմանք ասում են, որ ՆԱՏՕ-ն այս կամ այն բանում լավն է ՀԱՊԿ-ից, ուրիշներն էլ գտնում են, որ որոշ առումներով ռուսական բազան ավելի ձեռնտու է Հայաստանին, քան դրա բացակայությունը: Սակայն, խնդիրն այն է, թե Հայաստանը այլընտրանք ունի՞ այս երկու բլոկների միջև ընտրության հարցում:
Երբ ընտրությունը սահմանափակված է երկու “մրցակիցների” միջև և չկա հնարավորություն ներկայացնել սեփական տարբերակը, դա դժվար է ընտրություն կոչել: Սակայն ո՞վ է ասել, որ Հայաստանը չի կարող առաջարկել իր այլընտրանքը: Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ դա պետք է մի գաղափար լինի, որը համահարթում է անվտանգության բլոկների ներկայիս նշանակությունը, այսինքն հենց վտանգը:
Սա կարող է ուտոպիական, նույնիսկ աբսուրդ թվալ, սակայն ՆԱՏՕ-ին ու ՀԱՊԿ-ին այլընտրանքային գաղափար կարող է դառնալ ռազմական չեզոքության, ապառազմականացման և սահմանների պաշտպանության միայն հուսալի միջոցներ պահելու մասին Հայաստանի որոշումը: Ներկայիս աշխարհում, որտեղ Հայաստանը հայտնվել է միանգամից մի քանի էքսպանսիոնիստական տրամադրություններ ունեցող պետությունների միջև, դա անհեթեթություն է թվում: Սակայն նման այլընտրանքը կարող է միանգամից մի քանի խնդիրներ լուծել: Մասնավորապես, դա կարող է օգնել լուծել ռուսական ռազմակայանի և ՌԴ ԱԴԾ դուրսբերման հոգեբանական խնդիրը եւ ռուսական գաղութատիրությանը գլխավոր գործիքից զրկելը: Բացի այդ, որքան էլ առեղծվածային հնչի, դա կարող է բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը, քանի որ չեզոքության մասին հայտարարությունը դառնում է զսպող գործոն էքսպանսիվ հակառակորդի համար, ինչպես նաև առաջ է բերում որոշակի միջազգային պատասխանատվություն:
Հայաստանը կարող է ոչ միայն ինքը հայտարարել չեզոքության մասին, հրաժարվելով սպառազինության մրցավազքից, այլև առաջ մղել այս գաղափարը միջազգային կազմակերպություններում, աշխարհին կոչ անելով լիովին հրաժարվել միջպետական հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելուց: Ի վերջո, աշխարհում սպառնալիքներն արմատապես փոխվել են: Հիմա աշխարհը պայքարում է ոչ պետությունների էքսպանսիայի դեմ (ներկայում աշխարհում գրեթե չեն մնացել իրար դեմ պատերազմող պետություններ, պայքարը մղվում է վերպետական երեւույթների դեմ, ասենք` իսլամ արմատականության), և այդ պայմաններում բանակ պահելը առանձին պետություններում դառնում է ինչ որ առումով անիմաստ (այս ֆոնին Ադրնեջանի ռազմատենչ հայտարարությունները հնչում են որպես անախրոնիզմ): Օրինակ, եվրոպական պետությունների ինչին է պետք բանակը, եթե շրջապատված են բարեկամական պետություններով, որոնք միմյանց հանդեպ տարածքային հավակնություններ չունեն: Բացի այդ, տարածքային հարցերn ավելի հեշտ է լուծել խաղաղ ճանապարհով:
Ընդհանուր հակառակորդի առակայության դեպքում անհրաժեշտ է միջազգային զսպող ուժ, իսկ այդ դերը իր վրա է փորձում վերցնել ՆԱՏՕ-ն: Սակայն, չնայած նրան, որ դաշինքը հայտարարել է իր նպատակների մասին, որոնց մեջ չի մտնում օգնությունը միջպետական վեճերի լուծման գործում, ՆԱՏՕ-ն դեռևս մասնակցություն է ունենում այդ վեճերում կողմերից մեկի օգտին, որը համահարթում է անվտանգության վերազգային երաշխավորի նրա գործառույթը: ՆԱՏՕ-ում նույնպես քննարկումներ են ընթանում այս հարցով, և ապագայում ՆԱՏՕ-ն ամենայն հավանականությամբ կհրաժարվի միջպետական վեճերին միջամտելուց` դառնալով համաշխարհային բանակ, որը պայքարում է ողջ մարդկության սպառնալիքների դեմ, այլ ոչ թե առանձին ազգերի ու պետությունների դեմ:
Հայաստանը կարող է առաջ անցնել և դառնալ այնպիսի պետություն, որը կհայտարարի, որ չունի թշնամի-պետություններ, այլ կա համամարդկային թշնամի` էքսպանսիա և արմատականություն: Նման հայտարարություններով արդեն փորձում են հանդես գալ Թուրքիան և Վրաստանը, սակայն նրանց “վերապահումները” չափից դուրս շատ են: Այդ պատճառով նրանց ձգտումների անկեղծությունն այդքան էլ հավատ չի ներշնչում: Իսկ Հայաստանին, հնարավոր է, կհավատան:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
No comments:
Post a Comment