Tuesday, April 12, 2011

Եթե մենք իշխանության գանք, Արցախում «կփողփողա» ադրբեջանական դրոշը. Գորշ գայլեր

HayNews.am. 11-4-2011- Ինչպես հայտնում է ադրբեջանական SelamNews կայքը, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունն (MHP) իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում մի տեսանյութ է պատրաստել, որում նշվում է, որ իրենց հաղթանակի դեպքում «Արցախը «կազատագրվի» և այնտեղ «կծածանվի» ադրբեջանական դրոշը»:
Տեսանյութի մեջ նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի դեպքում կշարունակվի «հայերի և քրդերի նկատմամբ երկերեսանի քաղաքականությունը» և «հարվածներն Ադրբեջանի թիկունքից»:
Հիշեցնենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան ընդդիմադիր կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին, Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 70 պատգամավորական մանդատ: ԱՇԿ-ն հայտնի է իր հայատյացությամբ և հանդիսանում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը:
Նշենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները տեղի կունենան սույն թվականի հունիսի 12-ին: Թուրքիայի խորհրդարանում տեղ գրավելու համար կուսակցությունները պետք է կարողանան հաղթահարել 10 տոկոսանոց շեմը:

No comments:

Post a Comment