Tuesday, April 12, 2011

Կօգնի՞ արդյոք Ռուսաստանը, եթե պատերազմ լինի Ղարաբաղում. ԱԺ-ն քննարկում է ռուսական ռազմաբազայի երկարացման ժամկետը

Tert.am. 11-4-2011- Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստի ավարտին սկսեց 2010թ.օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության քննարկումը:
Խնդիրը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
«ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսական ռազմաբազան՝ բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախկին ձևակերպումը ենթադրում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի՝ միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանների երկայնքով սահմանների պաշտպանություն:
«Նախատեսվող ձևակերպումն իր բնույթով հանդիսանում է ավելի չեզոք և արդեն որևէ տարանջատում չի մտցնում Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների միջև՝ դրանով իսկ վերացնելով գործող ձևակերպումից բխող այն եզրակացությունը՝ թե Թուրքիայից և Իրանից ՀՀ անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթություն ունի: Այսինքն՝ նախատեսվող ձևակերպումն իր մեջ ներառում է ողջ Հայաստանի Հանրապետության անվտանգության պահովումը»,- ասաց Արա Նազարյանը:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ներկայացված արձանագրությամբ նախատեսվում է, որ Հայաստանի անվտանգության ապահովան համար Ռուսաստանը պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Արձանագրության մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը՝ 25 տարուց դարձնելով 49 տարի:
«Ռուսաստանը մեզ համար չափազանց կարևոր գործընկեր է, այստեղ վիճարկելու ոչինչ չկա»,- արձանագրության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Տիգրան Թորոսյանը, որը դժգոհեց, որ պայմանագիրը արտգործնախարարը չի ներկայացնում: «Ինչո՞ւ այս պայմանագիրը հիմա երկարաձգվեց, երբ դեռ նախորդի ավարտին տասը տարի կա, ի՞նչ ստացավ Հայաստանն այս պայմանագրից»,- հարցադրում արեց Թորոսյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության պատգամավոր Արա Սիմոնյանը հայ-ռուսական արձանագրությունը Հայաստանի արտաքին քաղաքականության և հատկապես երկրի նախագահի լուրջ ձեռքբերումը համարեց՝ պարզաբանելով, որ ստորագրված փաստաթղթով լուծվում է Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքայնին էլ հետաքրքրում էր այն հարցը, թե արդյո՞ք Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կմասնակցի Ղարաբաղի անվտանգության ապահովմանը: «Իմ կարծիքն այն է, որ օգնում են ուժեղին, իսկ թույլին խղճում են, կարեկցում և օգտագործում սեփական խնդիրների լուծման համար»,- հայտարարեց Դալլաքյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը տարածաշրջանում վարում է հավասարակշռված քաղաքականություն:

Սրանից ելնելով՝ Դալլաքյանն առաջարկեց վավերացնել արձանագրությունը, սակայն հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկրր ինքն է պարտավոր ապահովել սեփական երկրի մաքսիմալ անվտանգությունը:

Արձանագրության վավերացման հարցը, հավանաբար, քվեարկության կդրվի վաղը:

No comments:

Post a Comment