Tuesday, April 12, 2011

ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերագործարկումը «ստիպողաբար առաջադրված գործընթաց» է. Դավիթ Հարությունյան

Tert.am. 11-4-2011- ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած իր ելույթում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեղադրել է Բյուրոյի նախագահին` ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման որոշման ժամանակ իր պատվիրակության ձայնը անտեսելու համար:
«Բյուրոն խորհրդավորությամբ կորցրեց հայկական պատվիրակության նամակի հետքերը և աչք ծակող գործելաոճով անտեսեց ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումը և առարկությունները: Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը: «Քանի որ դուք որոշել եք հայկական պատվիրակության դիրքորոշումը ձեր գորգի տակ պահել, ես բոլոր ներկայացուցիչների առջև կկրկնեմ մեր դիրքորոշումը»,- ասել է նա:
ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված ս.թ. հունվարի 25-ի նամակում հայկական պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ, շարունակական հանդիպումներին, հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ և «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը»:

ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման մասով հիշյալ նամակում ասվում էր. «Նման հարցերի քննարկումը ավելի լայն ֆորմատով` անկախ դրա անվանումից` ենթահանձնաժողով թե ինչ այլ մարմին, եթե այն ներառելու է հանրային քննարկումներ ավելի լայն խմբերի մասնակցությամբ, հավասարազոր է երկուստեք մեղադրանքների և թունոտ հռետորության հավելյալ հարթակ ստեղծելուն: Մենք չենք ցանկանում մասնակցել նման միջոցառմանը, քանի որ կարծում ենք, որ դա ապակառուցողական է»,- ասված էր նամակում, որի տակ ստորագրել էին հայկական պատվիրակության բոլոր անդամները:

ԼՂ հարցով ենթահանձնաժողովի պաշտոնական վերագործարկումը նախատեսվում է ընթացիկ նստաշրջանում:

No comments:

Post a Comment