Wednesday, April 13, 2011

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԳԻՐՔ Է ՏՎԵԼ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՆ

Թուրքիայի արտգործնախարարը ցինիկ պատասխան է տվել հայ պատգամավորի հարցին

«Լրագիր» 12-4-2011- Այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ ունեցող ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող երկիր Թուրքիան իր ներկայացրած առաջնահերթությունների շարքում կարեւորել է միջմշակութային հանդուրժողականությունն ու հարցրել է Դավութօղլուին` “Ձեր առաջնահերթություններում, որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, դուք նշել եք, որ պետք է հաղթահարել միջմշակութային անհանդուրժողականությունը: Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից հետեւողականորեն ոչնչացվել է Ջուղայի պատմական հայկական գերեզմանոցը` հողին հավասարեցնելով համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական խաչքարերը: 2007 թվականին ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պիտի մեկներ Ջուղա` տեղում տեսնելու ադրբեջանական վանդալների ոճրագործությունը, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով առաքելությունը կասեցվեց: Դուք, որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ի կատարումն ձեր իսկ նշած առաջնահերթության, պատրա՞ստ եք նպաստելու, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Ջուղա իրականանա, որպեսզի ԵԽԽՎ մեր գործընկերները տեսնեն մշակութային վանդալիզմի իրական դեմքը”:
Ի պատասխան հայ պատգամավորի հարցի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ուղղակիորեն ցինկի պատասխան է տվել. “Այդ հարցը ԵԽ նախարարների կոմիտեում չի քննարկվել, ուստի ես չունեմ որեւէ ինֆորմացիա այդ հարցի վերաբերյալ: Բայց որպես ԵԽ նախագահող երկիր, Թուրքիան միշտ հանդուրժողականության կողմնակից է եղել: Եւ եթե ուզում եք, որ տարածաշրջանում հանդուրժողականություն լինի, պետք է լուծել Ադրբեջանի օկուպացված տարածքներից փախստականների հարցը: Առանց դրա չի կարող խոսք լինել հանդուրժողականության մասին”:

Եւ քանի որ Թուրքիայի արտգործնախարարը ԵԽԽՎ ամբիոնից, ըստ էության, հայտարարել է, թե տեղյակ չէ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցում տեղի ունեցած վանդալիզմից, ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Թուրքիայի արտգործնախարարին է հանձնել Ջուղայում ադրբեջանական վանդալիզմի մասին պատմող վավերագրական ֆիլմ եւ գիրք:

No comments:

Post a Comment