Wednesday, July 27, 2011

Երրորդ ուժը՝ մոտ ապագայում. Սեֆիլյան

Tert.am. 26-7-2011- Մոտ ապագայում քաղաքական դաշտում կձևավորվի մի երրորդ ուժ, որը կառաջնորդի ժողովրդին ու նրան դուրս կբերի ստեղծված «անելանելի վիճակից»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ Հայաստանը գտնվում է դասական հեղափոխության շեմին։
«Ժամանակը եկել է՝ գտնելու լուրջ և ազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերությունների, որոնց գործն ու խոսքն իրարից չի տարբերվում: Նման մարդկանցով պետք է իրականացվի այլընտրանքային ուժի ձևավորումը»,- հայտարարեց Սեֆիլյանը։
Հայաստանում այս ամռանը քաղաքական առանձնահատկությունների ու հնարավոր զարգացումների մասին խոսելիս Սեֆիլյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատությամբ շատ բան չի փոխվել, քանի որ քաղաքական դաշտ իր տրամաբանական իմաստով չի ձևավորվել: «Չգիտես ինչու, ամռանը քաղաքական գործիչները, կազմակերպություններն իրենց վերապահում են արձակուրդի գնալ, սա նորմալ կլիներ, եթե իրավիճակը սարդարապատային չլիներ: Սա մեծ հաշվով զավեշտալի է: Բայց ես չեմ ասում, թե մենք իրավունք չունենք մի քանի օր գնալ օդափոխության, բայց պետք է միշտ հիշել, որ ամենօրյա աշխատանքի արդյունքում պետք է արդյունքների հասնենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մեծ հաշվով դա զավեշտալի երևույթ է:
«Ռեժիմը կեղեքել ու շարունակում է կեղեքել մեր ժողովրդին: Մեր առաջարկն է՝ իրադրությունը դուրս բերել ճահճից, ձևավորել դաշտ, որտեղ ռեժիմի պարագլուխները զրկված կլինեն իրենց գործիքներից»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ «Սարդարապատ» շարժումն այս 1-1,5 տարում զբաղված է այդ դաշտի ձևավորմամբ:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, նա նշեց, թե այդ «գործի ղեկավարը» Սերժ Սարգսյանն է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ նրա, առաջին անգամ չէ, որ ցանկություն է հայտնել երկխոսելու: «Արդեն երեք տարի է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը բնավ էլ պատահականորեն չի ընդունել երկխոսության հրավերը:
Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախագահը երկխոսությամբ ցանկություն ունի փոշիացնել Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մոբիլիզացված ժողովրդին: Սեֆիլյանի համոզմամբ՝ օր-օրի մոբիլիզացված ժողովրդի թիվը պակասում է, ու դա հօգուտ ընդդիմության չէ։

No comments:

Post a Comment