Thursday, July 21, 2011

Որ գյուղը մտնում ես, ցույց են տալիս այն անկետաները, թե ոնց կարելի է Ռուսաստան գնալ. բնապահպան

Tert.am. 21-7-2011- «Մենք չենք պնդել, որ այսօր զանգվածային արտագաղթ կա։ Այսօր զանգվածային արտագաղթ չկա, բայց մենք հասել ենք այն մակարդակին, որ քանակը որակ է տալիս և այսօր արդեն ամեն այն հազարը, որ հեռանում է, մեզ համար շատ մեծ կարևորություն ունի»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
Ինչպես հայտնի է, նա և մի խումբ մտավորականներ վերջերս հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ ահազանգելով արտագաղթի խնդրի մասին։ Դանիելյանի խոսքով՝ իրենց հայտարարությունը որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել և այսօր էլ իրենք պատրաստ են մասնագիտորեն օգնել կառավարությանը՝ խնդրին լուծմանն ուղղված հայեցակարգի մշակման համար։
Ինչպես նշեց Կարինե Դանիելյանը, իրենց խիստ անհանգստացնում է երկրում առկա մթնոլորտը։ Նրա տեղեկացմամբ՝ իրենք ուսումնասիրել են վերջին չորս ամսվա հրապարակումները և պարզել, որ բնակչության 40–45 տոկոսն իր ապագան Հայաստանի հետ չի կապում։ «Դա է մեզ խիստ անհանգստացնում։ Որ գյուղը մտնում ես, ցույց են տալիս այն անկետաները, թե ոնց կարելի է Ռուսաստան գնալ, իսկ սա բնակչության մեջ տպավորություն է ստեղծում, թե խրախուսվում է արտագաղթը։ Դա էլ մի այլ խնդիր է»,– հայտարարեց ՀԿ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ իրենք խնդրի կապակցությամբ երեկ հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, որն, ըստ Դանիելյանի, այդ թեմայով լսումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել։ Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենք վաղը հանդիպելու են վարչապետի հետ։

No comments:

Post a Comment