Wednesday, July 27, 2011

Վանում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել` Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու պատարագի կապակցությամբ

Panorama.am. 26-7-2011- Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարի ևս պատարագ է մատուցվելու: Ինչպես հայտնի է, վերանորոգումից հետո եկեղեցին գործում է` որպես թանգարան, և իշխանությունների թողտվությամբ տարին մեկ անգամ իր դռները բացում է պատարագներ մատուցելու և ժամերգությունների համար: Տասնամյակների դադարից հետո` առաջին պատարագը մատուցվեց 2010-ին: Գագիկ Առաջին Արծրունու օրոք կառուցված 10-րդ դարի այդ եկեղեցին հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից է, որը հատկապես ուշադրություն է գրավում պատերի զարդանախշերով:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` Վանում արդեն սկսվել են զբոսաշրջիկներ, ուխտավորներ ու այցելուներ ընդունելու նախապատրաստական աշխատանքները Սուրբ Խաչում տրվելիք պատարագի կապակցությամբ: Նշվում է, որ հյուրանոցներն ու իջևանատները բարեկարգվում են, որպեսզի հնարավոր լինի գայթակղիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Արդեն մեկնարկել է համարների ամրագրման գործընթացը: Բացի այդ տպագրվել են Վանի պատմամշակութային արժեքները ներկայացնող քառալեզու (հայերեն, թուրքերն, պարսկերեն և անգլերեն) գրքույկներ: Լուսանկարներ ու պատմական ակնարկներ բովանդակող այդ գրքույկներն ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներ` ավելի մեծ թվով զբոսաշրջիկների մուտք Վան ապահովելու համար:
Թուրքիայի մշակույթի նախարարության ներկայացուցչի հայտնած տվյալների համաձայն` նախորդ տարվա առաջին 6 ամսիներին Վան այցելել էր 38.189 օտարեկրյա զբոսաշրջիկ, իսկ այս տարվա կեսին արդեն արձանագրվել է 50.087 ցուցանիշը:

No comments:

Post a Comment