Wednesday, July 27, 2011

Այդ ո՞վ է խանգարում իշխանությանը

«Լրագիր» 26-7-2011- Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսող իշխող կոալիցիայի պատվիրակության համակարգող, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը Կոնգրեսի պատվիրակության հետ երկրորդ հանդիպումից հետո հայտարարել է, թե իշխանության համար օրակարգային է քաղաքական կյանքի համընդհանուր կանոնների շուրջ պայմանավորվածության հարցը, որի տակ կստորագրեն քաղաքական դաշտի բոլոր խաղացողները:
Թվում է, թե Դավիթ Հարությունյանը լավ բան է ասում, ճիշտ բան է ասում: Բայց, իրականում այդպես կարող են ասել այն պետությունները, որտեղ չկան հասարակական համակեցությունը, պետական կյանքը կարգավորող օրենքներ, ի վերջո չկա Սահմանադրություն:
Հայաստանը Սահմանադրություն ունի, եւ ով ով, բայց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պետք է որ ամենից լավ գիտենա, որ Հայաստանն ունի Սահմանադրություն, ունի օրենքներ, որոնք կարգավորում են կենսագործունեության բոլոր ոլորտները, այդ թվում եւ հասարակական-քաղաքական կյանքը:
Կարո՞ղ են արդյոք պետության մեջ լինել Սահմանադրությունից եւ օրենքներից վեր գտնվող կանոններ: Ի՞նչ կանոնների մասին կարող է լինել խոսքը, եթե դրանք վաղուց սահմանված են այդ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Իշխանությունն էլ ոչ թե քաղաքական ուժերի հետ ինչ որ կանոնների մասին պայմանավորվելն ու ստորագրելն է, ասենք հետեւյալի տակ` չենք կեղծում ընտրությունները, այլ եղած կանոնների իրականացումը երաշխավորելը:
Օրինակ, ընտրություն կեղծելն արգելվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Հետեւաբար, իշխանությունը պետք է ոչ թե որեւէ մեկի հետ քննարկի ընտրություն չկեղծելու մասին հարցը, այլ երաշխավորի ընտրության ազատությունն ու արդարությունը, օրինականությունն ու թափանցիկությունը, պատժելով կեղծարարներին:
Որեւէ այլ հարցում, որ վերաբերում է քաղաքական կյանքին, հասարակական կյանքին, կենցաղին, ի՞նչն է, որ իշխանությունը չի կարող անել եւ պետք է նստի ու քննարկի քաղաքական ուժերի հետ: Մեր պետության որակը բարձրացնելու հարցում այդ ո՞ր մի քայլն է, որ իշխանության համար հնարավոր չէ իրականացնել առանց որեւէ ուժի հետ նստել երկխոսելու: Չէ՞ որ երկխոսության լավագույն օրակարգը, բովանդակությունը, ձեւը, մեխանիզմները ամրագրված են Հայաստանի հանրապետության Սահմանադրության մեջ, որով պարտավոր է առաջնորդվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, առավել եւս մարդիկ, ովքեր իշխանություն են կազմում:

Երկխոսության եկող իշխանությունը ինքնըստինքյան վկայում է, որ ինքը խախտում է Սահմանադրությունը, շեղվել է սահմանադրությունից, եւ երկխոսությունը դիտում է այդ շեղումը լեգիտիմացնելու միջոց, խոսելով ինչ որ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումից:

Այդ ով է իշխանությանը խանգարում հետեւել Սահմանադրության նորմերին եւ հաստատել քաղաքակիրթ փոխհարաբերություն, բարեփոխել Հայաստանը, փոխել պետության որակը, արդիականացնել պետությունն ու հաասարակությունը, երաշխավորել ժողովրդի իշխանությունը երկրում: Այդ ի՞նչ է ուզում անել իշխանությունը Սահմանադրության եւ օրենքի շրջանակում, որ ինչ որ մեկն էլ խանգարում է:

Կանոնները կան, կանոններ հնարել կամ ստեղծագործել պետք չէ: Պետք է եղած կանոնները պահել, ու ամենեւին պետք չէ, որ քաղաքական բոլոր ուժերը ստորագրեն դրա տակ: Դրա տակ իբր ստորագրել է հասարակության մեծամասնությունը` 1995 թվականին այո ասելով Սահմանադրությանը, իսկ 2005-ին էլ այո ասելով դրա փոփոխությանը: Որեւէ այլ ստորագրություն չի կարող ավելի մեծ իրավաբանական եւ նույնիսկ բարոյա-քաղաքական ուժ ունենալ, քան հանրության մեծամասնության ստորագրությունը, որ տվյալ պարագայում կոչվում է քվե:

Հետեւաբար իշխանությունը պարտավոր է առաջնորդվել այն կանոններով, որի տակ ստորագրել է հանրության մեծամասնությունը: Իսկ այդ կանոնները ենթադրում են չկեղծել ընտրությունը, չմենաշնորհել քաղաքական դաշտը, չմենաշնորհել տնտեսական դաշտը, ապահովել խոսքի ազատություն, կարծիքի ազատություն, ապահովել անկախ դատաիրավական համակարգ, ստեղծել ազատ մրցակցային պայմաններ կենսագործունեության բոլոր ոլորտներում, չուզուրպացնել ժողովրդի իշխանությունը:

Հայաստանում մշտապես իշխանությունն է խախտել այդ կանոնները: Հիմա իշխանությունը որեւէ մեկին չպետք է կոչ անի ստորագրել ինչ որ կանոնների տակ: Ու ստորագրողներ էլ, թերեւս, չպետք է գտնվեն: Ստորագրության փոխարեն, իշխանության առաջ պարզապես պետք է դնել Սահմանադրությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment