1918 թ. ստեղծվեց առաջին ադրբեջանական պետությունը, որի մեջ մտան նաեւ լեզգիական շրջանները: Չցանկանալով մեկ պետության մեջ գտնվել ադրբեջանցիների հետ` լեզգիները իրենց անհնազանդությունն էին հայտնում Բաքվին, որը, սակայն, բռնի ուժով ճնշվում էր: 1920 թ. Ադրբեջանի խորհրդայնացումից հետո եւ դրան հաջորդող 70 տարիների ընթացքում Բաքուն լեզգիական շրջաններում վարում էր էթնիկ զտումների եւ թյուրքացման քաղաքականություն: Փակվում էին լեզգիական դպրոցները, լեզգիներին արգելվում էր գրել-կարդալը սեփական լեզվով, լեզգիական շրջանները բնակեցվում էին ադրբեջանցիներով: 1950 թ.-ից Ադրբեջանական ԽՍՀ դեմոգրաֆիական պատկերում լեզգիներն ընդհանրապես չէին երեւում:
1991 թ. Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից: Լեզգիները, ավարները, ցախուրիները, չցանկանալով նորից հայտնվել օտար պետության կազմում, հանրաքվեի միջոցով հռչակում են իրենց անկախությունը: Այս շարժումը եւս բռնի ուժով ճնշվում է Բաքվի կողմից: Շարժման առաջնորդները ձերբակալվում են, իսկ շարժմանը մասնակից հարյուրավոր մարդիկ սպանվում կամ տեղահանվում են:
Ադրբեջանական իշխանությունները մինչ օրս լեզգիական խնդրի լուծումը տեսնում են միայն ուժային մեթոդներով: Լեզգիական շրջաններում պարբերաբար իրականացվում են կրոնական գործիչների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների ձերբակալություններ: 2008 թ. հունիսին Ադրբեջանի լեզգիները, ավարները, ցախուրները միացյալ հայտարարությամբ հանդես են գալիս «Ադրբեջանական պետական ֆաշիզմի դեմ» խորագրով: Հայտարարության մեջ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները միջազգային հանրությանը տեղեկացնում են Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ բռնի տեղահանման քաղաքականության մասին: Որպես ապացույց բերվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ տասնյակհազարավոր լեզգի, ավար, ցախուր երիտասարդների բռնի կերպով ռազմաճակատ տեղափոխելու փաստը:
Լեզգիների հանդեպ Բաքվի անհանդուրժողական վերաբերմունքը պայմանավորված է նաեւ կրոնական գործոնով: Ադրբեջանի իշխանությունները անհանգստանում են, որ սուննի լեզգիները կարող են օգտագործվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանում անկայուն վիճակ եւ լարվածություն առաջացնելու նպատակով: Այդ պատճառով, հատկապես վերջին տարիներին, իրականացվում է լեզգիների բռնի տեղահանում Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններից, իսկ նրանց պատմական հայրենիքում բնակություն են հաստատում հիմնականում Վրաստանից ներգաղթած ադրբեջանցիները:
Ադրբեջանը տասնամյակներ շարունակ իրականացրել է էթնիկ զտման քաղաքականություն իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այդ պատճառով ԽՍՀՄ փլուզումից հետո լեզգիները, ցախուրները, ավարները եւ թալիշները փորձեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ վերջ դնել Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող անհանդուրժողական եւ խտրական վերաբերմունքին: Անկախանալու ձգտումները, սակայն, բռնի ուժով ճնշվեցին Բաքվի կողմից, իսկ սեփական քաղաքացիների հանդեպ էթնիկ զտումներ իրականացնող երկիրն իր քաղաքականությունը շարունակում է մինչ օրս:
Միջազգային հանրության անտարբերության եւ թողտվության պայմաններում Բաքուն այսօր ոչ միայն չի դադարեցնում տասնամյակներ շարունակ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, այլեւ, ի դեմս ղարաբաղյան խնդրի, պահանջում է իրեն միացնել նման քաղաքականության պատճառով իր դեմ գոյության պայքար տված հայ ժողովրդին:
No comments:
Post a Comment