Wednesday, July 20, 2011

Սերժ Սարգսյան. Ազատ ընդդիմությունը մեր երկրի ձեռքբերումն է

News.am. 20-7-2011- Ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող եւ սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան:
«Չնայած, չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երեւույթների մասին, բայց պիտի նշեմ, որ եթե երբեւէ Ադրբեջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ, գոնե, մարդկանց թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները, ապա միեւնույնն է, չեմ կարծում, թե մենք կկառուցեինք մեր ռազմավարությունը ադրբեջանական ընդդիմության թեզերով: Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»,- խորհրդակցության մասնակիցներին ուղղված խոսքում ասել է նախագահը:
«Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաեւ Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը», եւ վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան եւ իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն: Անշու՛շտ, իհարկե, հետաքրքիր թեզ է, մի քիչ ժպիտ առաջացնող, բայց, այնուհանդերձ, իրոք, հետաքրքիր: Ավելին, վերջին ամիսների աժիոտաժի ֆոնին ադրբեջանցիները նաեւ եզրակացության են եկել, թե իբր ես ներքին ընդդիմության հետ բանավեճի պատճառով է, որ ուշադրություն շեղելու համար զբաղվում եմ բանակի ուժեղացման խնդիրներով»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

No comments:

Post a Comment