«Տատիկիս մայրը եղել է հայ: Մանուկ հասակից նրան վերցրել և պահել են քրդերը, իր ողջ կյաքն ապրել է որպես մահմեդական կին: Ցավոք, նա նույնիսկ իր հայկական անունը չէր հիշում: Միայն հիշում էր, որ հայ է: Մենք որոնել ենք մեր ազգականներին, բայց անարդյունք: Նույնիկս չենք կարողացել գտնել որևէ գրառում, որևէ փաստաթուղթ,- պատմում է Արամը,- իսկ երբ ես եմ ծնվել, որոշել են ինձ, որպես ընտանիքի առաջին թոռ, հայկական անունով կնքել և մոռացության չմատնել հայկական արմատներս»:
Պատմելով Երևանից ստացած տպավորությունների մասին` Արամը նշեց, որ հաճելիորեն զարմացած է. «Երևան գալով ես հրաշալի մի քաղաք տեսա: Տեսա եվրոպական քաղաք` հասարակական քաղաքակիրթ կյանքով: Եվ սա մի երկիր է, որի երկու կողմը, երկու սահմանները փակ են: Այստեղ ապրում է ցեղասպանություն վերապրած մի ժողովուրդ: Ճիշտ է, մարդկանց աչքերում մեծ ցավ կա, բայց և հույս ու էներգիա էլ կա: Բոլորը հայերին ճանաչում են որպես աշխատասեր և ինտելեկտուալ ազգի: Ցավոք, առկա քաղաքական վիճակը խոչընդոտում է հայերի` իրենց ներուժն ամբողջությամբ օգտագործելուն: Մտածում եմ, եթե էմբարգոն չլիներ, ոչ միայն Երևանը, այլև Հայաստանը չէր տարբերվի եվրոպական ցանկացած երկրից: Զարմանալի է, որ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վանը և Կարսը շարունակում են գյուղ մնալ: Այս առումով Երևանն իսկապես բավականին տպավորիչ եղավ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Արամ Դուրանն ասաց, որ հարաբերություններում առաջընթացը հնարավոր է, քանի որ տարեցտարի շփումներն ավելանում են և երկու հասարակությունները սկսում են միմյանց ճանաչել: Սակայն, ցավոք, գործընթացը դանդաղ է ընթանում:
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան
No comments:
Post a Comment