News.am. 18-8-2011- Միջազգային հանրության շահագրգիռ կառույցները երբեմն ղարաբաղյան հակամարտության պատմության մասին ավելի տեղեկացված են, քան հայերը: Նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբավորման նախկին անդամ Վարդան Խաչատրյանը:«Բաքվի եւ Սումգայիթի դեպքերի մասին գիտեն բոլորը: Բայց արդյոք շատե՞րն են լսել Կիրովաբադի շրջանում 60-ականների վերջին ոստիկանության կողմից գյուղերի շրջապատման եւ հայկական գյուղերի հայաթափման մասին: Վստահեցնում եմ, որ արտասահմանում դրա մասին շատ լավ գիտեն»,- հավելել է Վ. Խաչատրյանը: Նրա կարծիքով, հակամարտության արդյունքում հայկական կողմի կորուստները գնահատելիս պետք է բարձրացնել ոչ միայն կոտորածների, այլ նաեւ հարկադրաբար տեղահանված բնակչության հարցը: «Պետք է խոսել ոչ միայն զոհվածների, այլ նաեւ արտագաղթյալների մասին: Արտագաղթյալը փաստացի ամեն ինչ թողնում է անցյալում եւ ստիպված է ամբողջությամբ նոր կյանք սկսել»,- հավելել է Վ. Խաչատրյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կառուցվում է նախկին փաստարկումների հիման վրա` ծայրահեղական պահանջներ` չնայած պատերազմում կրած պարտությանը, Թուրքիայի հետ միասին Հայաստանին շրջափակման ենթարկելն եւ Հայաստանում չդադարող արտագաղթի հետեւանքով բնակչության կրիտիկական չափի հասնող կրճատման ակնկալիքը: «Ադրբեջանը սպասում է այն պահին, երբ պետությունը մարդկանց սակավության արդյունքում ի վիճակի չի լինի կատարել իր հիմնական գործառույթները եւ առաջին հերթին` ինքնապաշտպանական գործառույթը: Այդ սպասումները պետք է լուրջ ազդակ լինեն մեզ համար»,- կարծում է Վ. Խաչատրյանը:
No comments:
Post a Comment