«Լրագիր» 18-8-2011- Հայ Ազգային կոնգրեսի եւ իշխանական կոալիցիայի հերթական հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը հայտարարեցին, որ պայմանավորվել են որեւէ մեկնաբանություն չանել հանդիպման եւ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ձերբակալվել ու բռնության էին ենթարկվել Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստներ: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն իր հերթին լրագրողներին ասել է, թե հանդիպման ժամանակ չի քննարկվել օգոստոսի 9-ի միջադեպը:
Կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ օգոստոսի 17-ի ասուլիսում հայտարարել է, թե հույս ունի, որ Կոնգրես-իշխանություն բանակցությունը հրապարակային կլինի հանրության համար, եւ դրա արդյունքը հայտնի կլինի սեպտեմբերի կեսերին:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի պատասխանատուները պարբերաբար հայտարարում էին, որ երկխոսությունը հրապարակային է լինելու, եւ պահանջում էին ուղիղ եթեր: Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր ուղիղ եթերով հեռարձակել Կոնգրեսի ու իշխանական պատվիրակների բանակցությունները:
Փաստացի, իշխանությունը ոչ միայն չկատարեց այդ պահանջը, այլեւ կարծես թե հասնում է նրան, որ հրապարակայնությունը երկխոսության շուրջ վերացվի: Ընդհանրապես, հայաստանյան իշխանության բնույթն է այդպիսին` այն հրապարակային քաղաքականություն չի վարում ոչ մի ոլորտում: Ավելի ճիշտ, հրապարակային է քաղաքականության ձեւական մասը, իսկ իրական “քաղաքականությունը” գտնվում է ստվերում:
Սակայն, ինչո՞ւ է Կոնգրեսն ընդառաջ գնում այս իրավիճակին: Ի վերջո, եթե հավատանք Կոնգրեսի հայտարարություններին, որ իշխանությունն այլ ելք չունի, քան երկխոսության նստելը, եւ որ երկխոսությունն առաջին հերթին հենց իշխանությանն է անհրաժեշտ, ապա պետք է որ այս հարցում որեւէ խնդիր չլիներ: Սակայն, տեսնում ենք, որ “առաջին քայլն” արդեն արվել է:
Հրապարակայնությունն առաջին հերթին անհրաժեշտ է հանրությանը, ինչպես նշում է Հրանտ Բագրատյանը: Եթե այս գործընթացից վերանա հրապարակայնությունը, ապա հերթական անգամ քաղաքականությունը կվերադառնա կուլիսներ ու ինտրիգների դաշտ, ինչն էլ իր հերթին նշանակում է ստվերային պայմանավորվածություններ: Իսկ ստվերային պայմանավորվածությունները բացառում են համակարգային բարեփոխումները: Ինչին եւ ձգտում է իշխանությունը:
Հայկ Արամյան
No comments:
Post a Comment