Tuesday, November 29, 2011

Վրաստանն ունի «հայերի բարդույթ»

«Լրագիր» 29-11-2011- Սերժ Սարգսյանն այսօր այցելում է Վրաստան, որտեղ կանցկացնի նոյեմբերի 29-ը եւ 30-ը: Նրա վրացական այցը բավական հետաքրքիր պատմությամբ ստացվեց: Նախ վրացական կողմը հայտարարեց, որ այցը նոյեմբերի սկզբին է կայանալու, հետո հայկական կողմը հերքեց, իսկ հետո Հայաստան ժամանեց Վրաստանի արտգործնախարարն ու հստակեցվեց, որ այցը լինելու է նոյեմբերի 29-30-ին:
Հայ-վրացական ընդհանուր հարաբերությունն էլ զարգանում է մոտավորապես հենց այդ տարբերակով՝ մեկ հարաբերությունը լավ է, ջերմ է, մեկ էլ նկատվում են լարվածություններ, Վրաստանում հակահայկական տրամադրության սրացում, Ջավախքում լարվածության աճ:
Ինչն է այդ ամենի պատճառը: Արդյոք այն, որ Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում այսպես ասած տարբեր արտաքին կողմնորոշման կրողներ են՝ Վրաստանն ակնհայտ արեւմտամետ, իսկ Հայաստանը՝ ռուսական կողմնորոշման:
Դա գուցե ունի իր նշանակությունը, բայց հազիվ թե կարեւոր կամ առանցքային:
Հայ-վրացական հարաբերության որակը եւ բովանդակությունը դրանով պայմանավորելը կնշանակի չտեսնել այն խնդիրները, այն խորքային խնդիրները, որ կան այդ հարաբերության հիմքում:
Վրաստանում ակնհայտորեն կա “հայերի բարդույթ”, եւ եթե անգամ Հայաստանը դառնա Վրաստանից ավելի արեւմտամետ եւ նույնիսկ Վրաստանի կազմ էլ մտնի, այդ բարդույթը հազիվ թե անցնի: Վրացիներն ի դեմս հայերի տեսնում են ռազմավարական սպառնալիք իրենց պետականության համար: Ոչ այն պատճառով, որ հայերը նրանց սպառնում են: Պարզապես Վրաստանը երեւի թե “մեջքով է զգում”, որ տարածաշրջանում “ամենա, ամենա”-ն լինելու իր հավակնությունը երբեք չի դառնալու իրականություն, քանի կա Հայաստանը: Եվ երբ այդ եղած Հայաստանին գումարվում է նաեւ Վրաստանում եղած Ջավախքը, ինչպես նաեւ մի քանի հարյուր հազար վիրահայությունը, ապա բարդույթը դառնում է ամբողջական:
Առայժմ, քանի դեռ Հայաստանը որպես պետություն ներկայիս անմխիթար որակին է, քանի դեռ վիրահայության եւ ջավախքահայության գերակշիռ մեծամասնությունը, հատկապես այսպես ասած համայնքային էլիտաների մակարդակով, ավելի շատ ֆինանսա-տնտեսական հարմարվողականության կրողն է՝ Հայաստանում եւ Վրաստանում, քան ռազմավարական մտածողության եւ խնդիրների ընդգրկուն պատկերացման, Վրաստանին լուրջ վտանգ չի սպառնում, եւ վրացիները կարողանում են իրենց պետությամբ մնալ առաջնային դիրքերում:
Սակայն, այնտեղ թերեւս Հայաստանից ավելի լավ են պատկերացնում, որ իրենց հավակնոտ պատկերացումների գլխավոր մրցակիցը, այսպես ասած բնական մրցակիցը Հայաստանն է՝ թե իր մարդկային, ստեղծագործական, քաղաքակրթական պոտենցիալով, թե նաեւ աշխարհաքաղաքական նշանակությամբ:
Այդ իսկ պատճառով, որքան էլ Հայաստանը փորձի Վրաստանի հետ վարել այսպես հանդուրժողության, աղմուկի բացակայության քաղաքականություն, եւ նույնիսկ անցնի բացարձակ հանդուրժողության եւ լիակատար լռության, միեւնույն է, Վրաստանի եւ վրացիների վերաբերմունքը չի փոխվելու: Անգամ դեմոկրատ կամ բարեփոխիչ Սահակաշվիլին այդ վերաբերմունքի կրողն է, ինչի վկայությունը Հայաստանի հասցեին նրա պարբերական արհամարհական կամ վերամբարձ դիրքերից արվող հայտարարություններն են: Սահակաշվիլին կամ կրողն է այդ վերաբերմունքի, կամ դրա պատանդը կամ գերին, ինչը մեծ հաշվով չունի էական տարբերություն:
Ավելին, այդ վերաբերմունքը թերեւս կարող է փոխվել հակառակ պարագայում՝ եթե Հայաստանը պարզապես փորձի առավել սկզբունքային դիրքերից հանդես գալ բոլոր հարցերում: Խոսքը ծայրահեղության մասին չէ, որ կարող է անհարկի լարել իրավիճակը: Հակառակը, իրավիճակի լարման կարող է տանել անհարկի հանդուրժողությունը:
Բայց, այստեղ իհարկե կա մի շատ կարեւոր եւ էական հանգամանք: Պաշտոնական Թբիլիսիի հետ սկզբունքային դիրքից արդյունավետ խոսելու, եւ դրանով իրավիճակը ոչ թե լարելու, այլ լարումից զերծ պահելու համար անհրաժեշտ է, որ Երեւանն իրականացնի ներքին լրջագույն բարեփոխումներ եւ ապահովի որակական փոփոխություններ տնտեսական, քաղաքական համակարգերում:
Դա իհարկե միայն հայ-վրացական հարաբերության լիցքաթափման եւ լարվածությունից ապահովագրելու համար չէ, որ միայն անհրաժեշտ է: Բայց դա նաեւ խիստ անհրաժեշտ է հենց դրա համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment