Wednesday, January 25, 2012

Գարեգին Բ-ն շնորհակալական գիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօր` հունվարի 24-ին, շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Գրության մեջ մասնավորապես ասված է. «Հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ, Ֆրանսիայի պետական այրերին եւ ֆրանսիացի եղբայր ժողովրդին` արտահայտելով մեր Սուրբ Եկեղեցու եւ աշխարհասփյուռ մեր զավակների երախտագիտությունը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը Սենատում ընդունելու համար: Ուրախ է հայությունն ի սփյուռս աշխարհի: Ֆրանսիայի Սենատից վերստին հնչեց արդարության ձայնը, որի հաղթանակին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը սպասում է մեկ հարյուրամյակ: Այսօր հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների ջերմ բարեկամությունը զարդարվում է մարդու եւ ազգերի իրավունքների պաշտպանության նոր ձեռքբերումով, որը հայ նահատակների լույս հիշատակի առջեւ սփոփանք է բերում մեր ժողովրդին եւ ամրապնդում հավատը Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման: Ընդունված օրենքը վկայում է Ձեր, Ֆրանսիայի պետության եւ ժողովրդի անխախտ նախանձախնդրությունը ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային արժեքների հանդեպ, որոնց ամրագրումը կբացառի աշխարհում բռնություններն ու մարդկության դեմ գործվող ողբերգական ոճիրները»:

No comments:

Post a Comment