Wednesday, January 25, 2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները հնացել են. Մասիս Մայիլյան

1in.am. 25-1-2012- ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, թեև կարծում է, որ դրանցից առանձնապես մեծ ակնկալիքներ չարժե ունենալ: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: «Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում ընդունած համատեղ հայտարարությանը, ապա դրա տեքստը ցույց է տալիս, որ՝ Հիմնարար կամ Մադրիդյան սկզբունքերը դեռևս մնում են բանակցությունների սեղանին և ադրբեջանական կողմի ջանքերը՝ անհապաղ անցում կատարել խաղաղ համաձայնագրի մշակմանը, հաջողությամբ չեն պսակվել»,- ասաց Մասիս Մայիլյանը: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները հնացել են և այս դեպքում չեն կարող արդյունավետ լինել: «Անհրաժեշտ են այլ մոտեցումներ, ինչպես նաև՝ միջազգային վերջին նախադեպերն օգտագործել»,- ասաց Մասիս Մայիլյանը: Նրա գնահատմամբ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությանը: Դրա համար էլ համանախագահների կողմից մշակված մեխանիզմը նախագահներն ընդամենն ի գիտություն են ընդունել, իսկ ԵԱՀԿ համանախագահներին առաջարկվել է աշխատել այդ ուղղությամբ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր ռազմատենչ դիվանագիտութունից, և հրադադարի նոր դեպքեր կգրանցվեն: Մասիս Մայիլյանը նաև նշեց, որ նախագահները գիտակցում են վստահության միջոցների իրականացման կարևորությունը և պատրաստ են նպաստել մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների միջև երկխոսությանը: «Այս մոտեցումը կարելի է ողջունել, եթե, իհարկե նախագահներն ի նկատի չունեն Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների այցերը Ռուսաստան»,- ամփոփեց Մայիլյանը:

No comments:

Post a Comment