Thursday, January 26, 2012

Ժամացույցի սլաքներն այլևս հետ ու առաջ չենք տանի. Կառավարությունը որոշեց

Panorama.am. 26-1-2012- Հայաստանն այլևս ամառային ժամանակի չի անցնի: Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ որոշումը դրական կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա: Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային գոտում և մարտի վերջի կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ) շեղվում է 2 ժամով առաջ, որը խիստ աննպատակահարմար է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին՝ միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: Սա ենթադրում է, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «օրենքը» բառը պետք է փոխարինվի «օրենքի 2-րդ հոդվածը» բառերով և օրենքն ուժի մեջ պետք է մտնի մինչև 2012 թվականի մարտի վերջին կիրակի օրը: Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր են առաջացնում: Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ: Նշենք, որ ամառային-ձմեռային ժամանակին անցումից հրաժարվել են նաև Ռուսաստանն ու Վրաստանը:

No comments:

Post a Comment