Wednesday, January 25, 2012

Ֆրանսիան «ցույց տվեց» ելակետի բացակայությունը

1in.am. 24-1-2012- Ֆրանսիայում «հայկական» օրինագծի ընդունումը, որով քրեականացվում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտումը, շատերին առիթ է տալիս խոսել հայ-թուրքական հարաբերության վրա դրա ազդեցության մասին: Գերիշխող կարծիքը թերևս այն է, որ Ֆրանսիայի քայլը, նյարդայնացնելով, գրեթե կատաղության հասցնելով Թուրքիային, կարող է լարել նաև հայ-թուրքական հարաբերությունը: Կա՞ արդյոք դրա իրական վտանգ, և ինչպե՞ս կարող է դրսևորվել այդ լարումը: Հնարավոր է երկու մակարդակ՝ կենցաղային, այսինքն այսպես ասած` ժողովրդական փոխհարաբերության կամ վերաբերմունքի մակարդակը, և պաշտոնական-դիվանագիտական: Այդ մակարդակում, հայ-թուրքական հարաբերությունը կարծես թե ավելի լարվելու տեղ չունի, քանի որ ավելին արդեն կարող է լինել միմյանց հանդեպ կոշտ պատժամիջոցների կիրառումը կամ պատերազմը: Թուրքիան առանց ֆրանսիական նախաձեռնության էլ Հայաստանի հետ սահմանը փակ էր պահում, Հայաստանը շրջափակում էր Ադրբեջանի հետ միասին, և միևնույն ժամանակ էլ Հայաստանի առաջ ինքն էր պայմաններ դնում ապաշրջափակման համար: Այդ իմաստով, ավելի լարվելու տեղ հայ-թուրքական պաշտոնական-դիվանագիտական հարաբերությունը կարծես թե չունի, քանի որ հազիվ թե Անկարան ձեռնամուխ լինի արդեն պատերազմական միջոցների, թեև կրկնում եմ՝ շրջափակումն ինքնին արդեն այդպիսի միջոց է: Իհարկե կա տարբերակ, որ Թուրքիան պարզապես է՛լ ավելի անզիջում կդառնա Հայաստանի հետ հարաբերության կարգավորման գործընթացում, բայց մյուս կողմից` ո՞վ կարող է ասել, որ ասենք` Ֆրանսիայի քայլից առաջ Թուրքիան ավելի զիջողական էր: Չէ՞ որ նույն Թուրքիան էր, որ հրաժարվեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու գործընթացից, թեև այստեղ իհարկե պետք է ասել, որ բարեբախտաբար հրաժարվեց, այլապես այդ արձանագրություններն իրենց բովանդակությամբ ականապատելու էին հայկական շահը: Որոշակի վտանգներ կարող են պարունակվել, այսպես ասած, ժողովրդական մակարդակում, երբ թուրք ազգայնականները կարող են գրգռվել Ֆրանսիայի քայլից և իրենց անզորությունը պարպել հայերի վրա` հարձակումներ կամ տարբեր սադրանքներ կազմակերպելով հայերի դեմ: Սա, իհարկե, ծայրահեղ իրական վտանգ չէ, բայց նաև պետք չէ դրա հավանականությանը նայել մատների արանքով: Ի վերջո, թուրքական ազգայնամոլականները նոր չէ, որ պետք է դրսևորեն իրենց արյունարբու բնույթը, ինչպես, ի դեպ, ցանկացած այլ ազգայնամոլական: Այստեղ, իհարկե, պետք է լինել ուշադիր և ձեռնարկել կանխարգելիչ լուրջ միջոցառումներ, և ի դեպ, պատասխանատվության առումով այստեղ անելիք ունի նաև Ֆրանսիան, որպեսզի հայերը ներքևի մակարդակներում չդառնան վրեժխնդրության թիրախ թուրքերի համար: Ի վերջո, պետք չէ բացառել, որ Թուրքիայի իշխանությունն ինքը գնա նման սադրանքների կազմակերպման` ցույց տալով, թե ինչ ծանր հետևանք և լարվածություն է առաջացնում Ֆրանսիայի «անխոհեմ» որոշումը: Ասել, թե նման շանտաժային կամ սադրիչ քայլերը հեռու են թուրքական իշխանության ոճից` թերևս կլինի մի փոքր չափազանցված լավատեսություն: Այդ իմաստով, Ֆրանսիան կամ կուլիսային խողովակներով, և թե նաև հրապարակավ, թերևս պետք է ձեռնարկի կանխարգելիչ «քայլ» և Թուրքիայի իշխանությանը հենց այժմվանից հասկացնի, որ այդ սադրանքների մարտավարությունը ոչինչ հետ չի շրջի, փոխարենը կարող է էլ ավելի ծանրացնել Թուրքիայի առանց այդ էլ ծանրացող աշխարհաքաղաքական վիճակը: Բայց, այդ բոլոր վտանգներով հանդերձ, արդյոք այդ ամենը նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիայի գործողությունը Հայաստանի համար նպաստավոր կամ շահեկան չէ, կամ առավել ևս վտանգահարույց է, ինչպես կարծում են տարբեր շրջանակներ: Այստեղ պատասխանի օպտիմալ տարբերակին հանգելու համար, թերևս, անհրաժեշտ է հստակեցնել մեր պատկերացումը, այսինքն` այն ելակետը, որի հիմքով է Հայաստանը և Հայաստանի հասարակությունը դիտարկում թե՛ հայ-թուրքական հարաբերությունը, թե՛ դրան առնչվող միջազգային զարգացումները: Եվ այստեղ մենք, թերևս, կանգնում ենք մի իրողության առաջ, որը կարծես թե սովորական առօրյա ընթացքում մենք չենք նկատում, դրա մասին չենք հիշում, դրան չենք անդրադառնում, այդ մասին քննարկումներ գրեթե չենք ծավալում: Ավելին` մենք հանրայնորեն, քաղաքական օրակարգի իմաստով այդ հարցը բավարար չափով չքննարկեցինք նույնիսկ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանում: Մենք կանգնում ենք այն իրողության առաջ, որ չունենք հստակ, հանրայնորեն ձևակերպած այդ տեսլականը, հայեցակետը, ելակետը, որի վրա կարող ենք կառուցել մեր պետական քաղաքականությունը այդօրինակ իրավիճակներում և տալ թե՛ հասարակական, թե՛ պետական-քաղաքական հստակ գնահատականներ: Խոսքը ոչ թե կարճաժամկետ, այլ առնվազն միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատականների մասին է: Այդ իմաստով, թերևս, արժե, որ Ֆրանսիայի նախաձեռնությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում դառնա այդ ելակետի ձևավորմանն ուղղված քննարկումների առիթ: Խնդիրն այստեղ այն չէ, որ մենք չունենք Ֆրանսիայի քայլի տեսանկյունից հայ-թուրքական հարաբերության հեռանկարի վրա ազդեցությունը երկարաժամկետ կամ միջնաժամկետ իմաստով գնահատելու ելակետ: Մենք ընդհանրապես չունենք ելակետ որևէ ազդեցություն գնահատելու և առաջնորդվում ենք ընդամենը պարզունակ մտածողությամբ, որ ինչը վատ է Թուրքիայի համար, ուրեմն լավ է մեզ համար, և պետք է ողջունել: Իհարկե դա չի նշանակում, որ Ֆրանսիայի քայլը չպետք է ողջունել: Պարզապես պետք է առաջնորդվել առավել հասուն և հստակ ձևակերպված ու բանաձևված չափանիշներով, ինչը կլինի արդեն Թուրքիայի հնարավոր տարատեսակ արձագանքների դեմ մեր երաշխիքների առկայության գրավականը: Բանն այն է, որ Թուրքիան կարող է իսկապես փորձել որոշակի ռեակցիա առաջացնել հայ-թուրքական ուղղությամբ` տեսնելով, որ թուրք-ֆրանսիական շանտաժները չտվեցին արդյունք: Եվ այստեղ մենք իրավունք չունենք հույսը դնել միայն Ֆրանսիայի վրա, այլ ինքներս պետք է պատրաստ լինենք Թուրքիայի հնարավոր ռեակցիաներին համարժեք պատասխանելու համար: Այդ տեսանկյունից, Ֆրանսիայի քայլն առնվազն մի ազդեցություն հայ-թուրքական ուղղությամբ կարծես թե արդեն ունի` ի դեմս այն գիտակցման, որ մեզ համար ժամանակն է հասարակական-քաղաքական դաշտի մակարդակով ունենալ հայ-թուրքական հարաբերության համալիր տեսանկյուն և պատկերացում: Խոսքն իհարկե «մեկ ազգ, մեկ տեսանկյուն» տարբերակի մասին չէ, այլ համալիր մի ելակետի, որի վրա կկառուցվեն մեր տարբեր սցենարներն ու մոտեցումները ըստ պատկերացումների: Արամ Ամատունի

No comments:

Post a Comment