Monday, January 23, 2012

Ադրբեջանի իշխանությունը Անկարայի դեմ սառը պատերազմ է հայտարարել. թուրքական թերթ

Panorama.am. 23-1-2012- Թուրքական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանի իշխանություններին Թուրքիայի նկատմամբ սառը վերաբերմունքի համար: Թուրքիայի վարչապետին մոտ կանգնած «Ենի Շաֆագ» թերթից հետո, այս անգամ Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գնի հարցում զիջում չանելու մասին հոդված է հրապարակվել «Թուրքիա» թերթում: Թերթի առաջնորդողում հոդվածը հրապարակվել է «Եղբոր չարիքը» վերնագրով: «Ազադլիգը» նույնությամբ հրապարակել է թուրքական թերթում լույս տեսած հոդվածը: «Հանուն Ադրբեջանի Թուրքիան դադարեցրեց Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացը: Սակայն, այն դեպքում, երբ անգամ Ռուսաստանը զիջման գնաց գազի գնի հարցում, եղբայր Ադրբեջանը մերժեց Անկարայի այդ առաջարկը: Ամենադժվար օրերին եղբայրական պարտքը կատարած Թուրքիային, Բաքվի ղեկավարությունը վերջին տարիներին ավելի շատ է մենակ թողնում: Հեյդար Ալիևի մահից հետո իշխանության եկած նրա որդին` Իլհամ Ալիևը, հատկապես վերջին երկու տարիներին, կարծես Անկարայի դեմ սառը պատերազմ է սկսել: Բաքվում թուրք շեհիդների ծառուղում դրոշները հանած, այդ երկրում սովորող և աշխատող Թուրքիայի քաղաքացիների կյանքում շարունակաբար դժվարություններ ստեղծած Բաքվի ղեկավարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Փարիզի հետ մեծացնում է հարաբերությունները: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան գլխավորում է Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական խումբը և «Պատվո շքանշան» ստանում Ֆրանսիայի նախագահի ձեռքից: Ամեն տարի միլիարդավոր դոլար եկամուտ ունեցող Բաքվի իշխանությունը ոչ միայն զիջում չարեց գազի գնի հարցում, այլև Թուրքիային 150 միլիոնավոր դոլարի վնաս հասցրեց` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարի հարցում» -գրում է «Թուրքիա» թերթը:

No comments:

Post a Comment