Monday, January 23, 2012

Ֆրանսիայի Սենատում ժամեր անց կսկսվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը

Tert.am. 23-1-2012- Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում, ժամեր անց (Փարիզի ժամանակով ժամը15։00–ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին) կսկսվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկումը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված Ֆրանսիայում): Օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացավ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։ Իսկ դեկտեմբերի 18–ին ներկայացվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը, սակայն, 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց այն՝ պատճառաբանելով, թե այն հակասահմնադրական է(հիմնական պատճառաբանությունն այն էր, թե ցեղասպանության հարցը պատմական հարց է և դրա քննարկումն Ազգային ժողովում, կամ Սենատում «ճիշտ չէ»)։ Հանձնաժողովականների մերժումը, սակայն, չարգելափակեց օրինագծի հետագա քննարկումն ու քվեարկությունը Սենատի լիագումար նիստում: Այդ իսկ պատճառով ֆրանսիացի սենատորներն այսօր նախ քվեարկության կդնեն հանձնաժողովի վերոնշյալ մերժումը, դրան անհամաձայնություն հայտնելուց հետո միայն կանցնեն օրինագծի քվեարկությանը։ Օրեր առաջ Ֆրանսիայի Եվրոպական ժողովրդավարական և սոցիալական ժողովի (RDSE) սենատորները (16 տեղ ունեն Սենատում) հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, նշել էին, որ դեմ են քվեարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին։ «Մենք հարգում ենք տառապանքներ տեսած ազգերի հիշատակը, սակայն կարծում ենք, որ խորհրդակարանները պատմական դեպքերի առնչությամբ չպետք է օրենք ընդունեն»,–ասված էր նրանց հայտարարությունում։ Կանաչների խմբի (10 տեղ) սենատորները ևս հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու բանաձևին։ Իս ահա Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող (130 տեղ) սենատորների մեծ մասը, ինչպես նաև «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության սենատորները (132 տեղ) հայտարարել են, որ կողմ են քվեարկելու օրինագծին։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Նշենք, որ 2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստու ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:

No comments:

Post a Comment