Wednesday, January 25, 2012

Ռուսաստանն իր գիրկը կառնի Թուրքիային ու Ադրբեջանին

«Լրագիր» 24-1-2012- Մինչ Ֆրանսիան եւ Թուրքիան քաղաքական մակարդակով հարաբերություններ են պարզում, Անկարան փորձում է աղմուկի ներքո նվազեցնել իր գազի գինը եւ թեքվել Ռուսաստանի կողմը: Ամսվա սկզբին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է ռուսական գազի գնի իջեցման մասին: Սակայն օրերս պարզվել է, որ Ադրբեջանը եւ Իրանը մերժել են Թուրքիային գազի գինն իջեցնելու հարցում: Թուրքական Botas ընկերության տվյալներով, 2011 թ Թուրքիան Իրանից 39.7 մլրդ խ/մ գազ է ներկրել: Թուրքիա գազ արտահանողների թվում առաջին տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Իրանը եւ Ադրբեջանը: Թերեւս, Ադրբեջանը որոշել է Ռուսաստանից ավելի թանկ վաճառել գազը: Հունվարի 23-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայությամբ Սոչիում ադրբեջանական գազի առք ու վաճառքի գործող պայմանագրի լրացումն է ստորագրվել: 2012 թ Ադրբեջանից գազի գնման ծավալը 1,5 մլրդ խ/մ-ից կաճի մինչեւ 3 մլրդ խ/մ, իսկ 2013 թ կգերազանցի 3 մլրդ խ/մ-ը: Հատկանշական է նաեւ, որ հունվարի 25-ին տեղի կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Մոսկվա, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաեւ տնտեսական հարցեր: Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո փորձագետները կանխատեսում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը կշրջվեն Ռուսաստանի կողմ, որը կարող է բացել գիրկը հին դաշնակիցների առաջ: Եվ եթե քաղաքական մակարդակում դա այնքան էլ զգալի չի լինի, ապա տնտեսական մակարդակում կարող է մեզ ազդեցություն ունենալ: Օրինակ, Ռուսաստանը կարող է համոզել Թուրքիային եւ Ադրբեջանին վերջնականապես հրաժարվել «Նաբուկո» գազամուղի նախագծից: Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների սրումն օգնել է «Նաբուկո» ծրագրի հակառակորդներին՝ «Հարավային հոսքի» աջակիցներին, գրում են միջազգային ԶԼՄ-ները: Արդեն խոսվում է այն մասին, որ «Նաբուկոյի» ակտուալությունն ընկնում է, իսկ «Հարավային հոսքը»ավելի հստակ բնույթ է ձեռք բերում:

No comments:

Post a Comment