Wednesday, January 25, 2012

Ադրբեջանական կողմը պետք է բոյկոտի Մինսկի խմբի կազմում Ֆրանսիայի գործունեությունը. Վաֆա Գուլուզադե

Tert.am. 24-1-2012- Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, թե Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը «որևէ կերպ չի վնասի Թուրքիային»։ Ադրբեջանական Salamnews.org կայքի հետ զրույցում քաղաքագետը հավելել է, թե այդ օրինագծի ընդունումից Ֆրանսիան չի շահելու, իսկ Թուրքիան ոչինչ չի կորցնելու, հակառակը, Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերանայվելու են։ «Ադրբեջանական կողմն այդ հարցի առնչությամբ պետք է բոյկոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիայի գործունեությունը։ Բացի այդ, Ադրբեջանը կարող է հրաժարվել ֆրանսիական Total ընկերության հետ համագործակցությունից։ Եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ նույն դիրքորոշմամբ հանդես գա, ապա ապագայում Թուրքիան ամենաբարձր մակարդակներում կպաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»,–ասել է նա։ Քաղաքագետն ընդգծել է, թե օրինագիծը շահադիտական նպատակներ է հետապնդում. «Այդ օրենքի ընդունումը ցույց է տալիս Ֆրանսիայում հայկական լոբբիի ուժը և նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից իրականացվող դավաճանական քաղաքականությունը, քանի որ Թուրքիան Ֆրանսիայի ռազմական և տնտեսական դաշնակիցն է։ Սարկոզին ընտրություններին ընդառաջ փորձում է ձեռք բերել ծագումով հայերի ձայները։ Հայերը նրան առաջարկել են ընդունել այդ օրենքը, Սարկոզին էլ ընդունում է»,–եզրափակել է Գուլուզադեն։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծն այժմ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։

No comments:

Post a Comment