Thursday, January 26, 2012

Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջև հաստատվել է համագործակցության բարձր մակարդակ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Վալենտին Սոբոլևին: Past.am. 26-1-2012- ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 26-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նախորդ տարեվերջին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության 2012-2013թթ. ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն իրականացվում են և այս համատեքստում կարևորել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի` Հայաստան կատարելիք առաջիկա այցը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը` այդ թվում սահմանային անցակետերի արդիականացման և վերազինման, ինչպես նաև սահմանապահների վերապատրաստման համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, ռազմարդյուանբերության ոլորտում համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի, ինչպես նաև քննարկվել է ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնների ստեղծման նախաձեռնությունը: Վալենտին Սոբոլևն ընդգծել է երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև համագործակցության բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ բոլոր միջոցառումները լիարժեք կյանքի կկոչվեն` համագործակցության ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն:

No comments:

Post a Comment