Saturday, February 11, 2012

Ֆրանսիացի պատգամավոր. Մեր պատասխանատվությունն է նորից չսպանել ցեղասպանության զոհերին

News.am. 11-2-2012- Սարսելի (Վալ - դ`Ուազ, Ֆրանսիա) սոցիալիստ պատգամավոր – քաղաքապետ Ֆրանսուա Պյուպոնին տարածել է հաղորդագրություն` ափսոսանք հայտնելով, որ որոշ սենատորներ եւ պատգամավորներ Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքի դեմ դիմում են ներկայացրել Սահմանադրական խուրհուրդ: Քաղաքապետը օրինագծի ընդունումն արդարացնող չորս պատճառ է ներկայացրել: «Nouvelles d`Arménie»-ն հրապարակել է Ֆրանսուա Պյուպոնի հայտարարությունը, որում ասվում է. «Ես խորապես ափսոսում եմ, որ 77 սենատորներ եւ 65 պատգամավորներ որոշել են օրենքով ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը փոխանցել Սահմանադրական խորհրդին: Հիշեցնելով իմ կողմնակցությունը 5-րդ Հանրապետության Սահմանադրությանը եւ, մասնավորապես, 61 հոդվածին, որը 1974 թվականից թույլ է տալիս 60 պատգամավորներին կամ սենատորներին օրենքները փոխանցել Սահմանադրական խորհրդին` ես ափսոսում եմ, որ ընդունվել է իրավաբանական եւ քաղաքական կցկտուր հիմնավորումներով դիմում: Այդ կապակցությամբ ես ուղղակի հիշեցնում եմ տվյալ օրինագծի ընդունումը արդարացնող չորս հիմնական պատճառները. 1. Հանուն բազմաթիվ զոհերի` ավելի քան մեկ միլիոն սպանված տղամարդկանց, կանանց եւ երեխաների, որպեսզի նրանք հանգչեն խաղաղությամբ: Մեր պատասխանատվությունն է չսպանել նրանց նորից: 2. Հանուն նրանց ընտանիքների, որպեսզի մեր տարածքում ամբողջովին մեր հանրապետությանը ինտեգրացված նրանց հետնորդները կարողանան, վերջապես, ողբալ արժանապատվորեն: 3. Հանուն այն բանի, որ վերացվի անարդարությունը եւ մեր օրենսդրությունը համապատասախանեցվի 1990 թվականի Գեյսոյի օրենքի եւ մեր եվրոպական պարտավորությունների` Եվրամիության 2008թ. նոյեմբերի 28-ի Շրջանական որոշման հետ, որն ընդունվել է Եվրամիության Պայմանագրի 6-րդ բաժնի (Ռասիզմի եւ այլատյացության որոշակի ձեւերի դեմ պայքարի շրջանակային որոշում) համապատասխան: 4. Հանուն քաղաքականության եւ հանրապետության պատվի, հետեւաբար, հանուն պարտականությունների, որոնք մենք ստանձնել ենք հայ համայնքի առջեւ»: Հայտարարության վերջում ֆրանսիացի պատգամավորը հույս է հայտնում, որ Սահմանադրական խորհուրդը կլինի անաչառ: «Հուսով եմ` շահագրգիռ կողմերը ճնշում չեն գործադրի Սահմանադրական խորհդրի իմաստունների վրա, խոչընդոտ չեն ստեղծի, իսկ նրանք սահմանադրականությունը կքննեն հանգստության եւ անաչառության պայմաններում»:

No comments:

Post a Comment