Saturday, February 18, 2012

Ադրբեջան. Ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի լրագրողները

Panorama.am. 18-2-2012- Ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի լրագրողները: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն առանց որևէ պատճառի իր իսկ բնակարանում ձերբակալել են «ՖԱՐՍ» գործակալության Բաքվի գրասենյակի լրագրողին: «Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակի կողմից վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ նյութեր են հրապարակվել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության, ինչպես նաև երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքներին: Վերջերս Ադրբեջանից վտարվեց նաև Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը: Բաքվի կառավարությունը ցանկանում է իր երկրում գործող իրանցի լրագրողների գործունեությունն ամեն կերպ կասեցնել, «ՖԱՐՍ»-ի լրագրողի ձերբակալությունը ևս միտված էր դրան», -նշված է հաղորդագրության մեջ: Իրանական «արաննյուզ.իռ» կայքի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Բաքվի վարած հակաիրանական քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից անհայտ հանգամանքներում ձերբակալվել են իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողն ու վարորդը: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:

No comments:

Post a Comment