Sunday, June 10, 2012

Ամեն Իլհամ չէ, որ Ալիև է

Report.am.9-6-2012- Իլհամ Ալիևը Մոսկվայի` Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ է: Ընդ որում Ալիևը սովորել ու ավարտել է այս ինստիտուտը, երբ հայրը` Հեյդար Ալիևը, սովետական երկրի ազդեցիկ պաշտոնյաներից էր, հետևաբար, կարելի է հավատալ ադրբեջանական ու ռուսական որոշ աղբյուրների, որոնք նշում են, թե "հոր ազդեցության շնորհիվ, Իլհամ Հեյդարովիչը այնքան էլ սովորելու հետ սեր չուներ": Ինչպես սովորաբար տեղի է ունենում նման "առաջադեմների" հետ, Իլհամ Ալիևը ոչ միայն ավարտում է հեղինակավոր բուհը, այլև` ստանում պատմական գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հետագայում նրան հնարավորություն պետք է տար, որպեսզի` "նորովի գրի ադրբեջանական պատմությունը", որը, հիշեցնենք, համաձայն կրտսեր Ալիևի` բազմադարյա է: Նման երիտասարդները, որոնք ազդեցիկ ու հարուստ հայր ունեն, որոնք նաև պարբերաբար մեկնում են արտասահման, այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ում նման շռայլություն իրենց չէին կարող թույլ տալ ոչ ոք, որպես կանոն բնավորություն են դարձնում հեշտ ապրուստը, երբ ամեն ինչի համար դու կարող ես և չաշխատել, բայց ամեն ինչ դու պետք է ունենաս: Իլհամ Ալիևի սիրելի վայրերից է դառնում թուրքական Ստամբուլը (ներողություն հին հույներից` Ստամբուլը թուրքական անվանելու համար): Հենց այս անհամեմատ ավելի ազատ քաղաքում, քան էին Մոսկվան ու հարազատ Բաքուն, Իլհամը սովորում է "խաղի արվեստը": Ալիև ընտանիքի պատմությունն ուսումնասիրած առավելաբար ռուս վերլուծաբանները նշում են, որ Իլհամը ստամբուլյան (և ոչ միայն) խաղատների ակտիվ հաճախորդ է դառնում, իսկ նրա պարբերաբար կուտակվող պարտքերը, անձնական ու ֆինանսական հնարավորությունների ու կապերի շնորհիվ, մարում էր հայրը` Հեյդար Ալիևը: Ի վերջո, մի օր, հավանաբար հայր և որդի Ալիևների խիստ առանձազրույցից հետո, որդին խոսք է տալիս, որ այսուհետ կզբաղվի գործարարությամբ, եւ որպես ասածների հավաստիք` Իլհամը հորն է ներկայացնում Մեհրիբանին, ով ոչ միայն գեղեցկուհի էր, այլև` հայտնի, մեծահարուստ ու ազդեցիկ Փաշաևների ընտանիքից: Հեյդար Ալիևը, բնականաբար, գոհ որդու որոշումից ու ընտրությունից, խոստանում է նրան, որ "կգա մի օր և ես քեզ կկտակեմ երկիրը` սրբազան Ադրբեջանը": Անցնում են տարիներ, ու Իլհամ Ալիևը՝ կրկին մեծամասամբ հոր կապերի ու փողերի շնորհիվ, դառնում է բավական հայտնի ու հաջողակ գործարար։ Այս ժամանակաշրջանը, սակայն, Ալիևների ընտանիքի համար մթագնվում է Հեյդար Ալիևի առողջության կտրուկ վատթարացմամբ: Ի վերջո ամերիկյան կլինիկաներից մեկում հայր Ալիևը հիշում է ժամանակներ առաջ որդուն տված խոստումն ու "գրում կտակ", որի առաջին մասով Իլհամ Ալիևին նշանակում է Ադրբեջանի վարչապետ: Որոշ աղբյուրներ պնդում են, որ քանի որ Ալիևին այդ ժամանակահատվածում ոչ ոք կարծես թե չի տեսել, ուրեմն նա "իր կտակը" գրել է ...արդեն հանգուցյալ վիճակում: Ոչինչ չի կարելի բացառել, մանավանդ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանից: Հոր մահից հետո Իլհամ Ալիևը ստանձնում է երկրի նախագահի պաշտոնը: Ժողովուրդն, իհարկե, նրան ընտրում է, քանի որ ճիշտ այդպես սահմանված էր "ադրբեջանցի ժողովրդի հոր"` Հեյդար Ալիևի "կտակում": Նախագահության առաջին տարիներին Իլհամը շարունակում է բնավորություն դարձած` հորից կախվածությունը, նա բոլոր ադրբեջանցիների համար սրբատեղի է դարձնում Հեյդար Ալիևի դամբարանը, սակայն հետագայում հասկանում է, որ ոչ միայն սեփական ժողովրդի, այլև միջազգային հանրության համար նա մնում է Հեյդար Ալիևի ստվերի տակ: Այդ մասին նրան հուշում է նաև խիստ հավակնոտ կինը` Մեհրիբան Ալիևա գիզի Փաշաևան: Աստիճանաբար Իլհամը սկսում է "սառել" հայրական ազգականների ու ընկերների հանդեպ, օրինակ, Հեյդար Ալիևի հարազատ քույրը, Իլհամի հորաքույրը, ով ապրում է Մոսկվայում, վերջերս կազմակերպել էր միջոցառում` ի պատիվ եղբոր` Հեյդար Ալիևի, սակայն Իլհամի ընտանիքից ոչ ոք այդ միջոցառմանը չէր հրավիրվել, չնայած հանգամանքին, որ Իլհամ Ալիևի ավագ դուստրը` Լեյլան, ամուսնու՝ հայտնի երգիչ Էմինի հետ, ապրում է Մոսկվայում: Հայտնի էր, որ Հեյդար Ալիևը, փորձառու քաղաքական գործիչ լինելով, սկզբունքորեն դեմ էր ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելուն, սակայն Իլհամ Ալիևը այդ կարծիքին չէ, որովհետև ԼՂ հակամարտության` ցանկալի է ռազմական, այսինք բացահայտ ուժի արտահայտմամբ լուծումը նրան անհրաժեշտ է, որպեսզի "ադրբեջանցի ժողովուրդը հասկանա, որ ինքը հորից ավելի լավ կարողացավ` վերադարձնել Ղարաբաղը": Մոտավորապես այսպիսի կերպար է մեր հակառակորդ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը. ամբողջ կյանքում հորից կախում ունեցած, այժմ` հոր ստվերի դեմ պայքարող, երբեք դժվարությունների չհանդիպած, ու հետևաբար, ամեն ինչ հեշտ ստացած մեկը, ում կարծիքով ոչ ոք իրավունք չունի չտալ իրեն այն, ինչը ինքը ցանկանում է: Նա տիպիկ մեծահարուստ է, ով ունի փող, ու ում կարծիքով ինքը կարող է անել այն, ինչ ուզում է. օրինակ բերել Եվրատեսիլը` Բաքու, կազմակերպել ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, ամառային Օլիմպիական խաղեր, ուժած հանցագործին` "ազգի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար" հռչակել ազգային հերոս, այլն...: Այս մարդը կարող է ԱՄՆ Պետքարտուղարի առջև նստել այնպես, ինչպես վայել չէ առաքինի տղամարդուն` տիկնոջ դիմաց նստելիս, նրա կարծիքով բոլորը պետք է վախենան ու հարգեն իրեն, ու նաև սիրեն, քանի որ ինքը պայքարում է հոր ստվերի դեմ, ու ամբողջ էությամբ ցանկանում դառնալ ավելի լավը, քան Հեյդար Ալիևը: Նման մարդիկ դժվար են վերադաստիարակվում, եթե վերադաստիարակվում են, նման մարդկանց ուղղակի ցավոտ գահընկեց են անում: Սակայն սա արդեն ադրբեջանցի ժողովրդի անելիքն է, ու վաղ թե ուշ կգա այդ օրն էլ, քանի որ Ադրբեջանում ամեն Իլհամ չէ, որ Ալիև է: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments:

Post a Comment