Wednesday, October 3, 2012

ԵԽԽՎ-ում հունգարական պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն

Panorama.am. 2-10-2012- Հայաստան-հունգարիա հարաբերություններում գնդակը հայկական դաշտում է: Այս մասին Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հունգարական պատվիրակության ղեկավար, «Ֆիդես» իշխող կուսակցության անդամ Մարթոն Բրաունը (Marton Braun)` ընդգծելով, որ հույս ունի, որ Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունները կկարգավորվեն: Մ. Բրաունը հիշեցրել է, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել է առավելագույն` ցմահ ազատազրկման, քանի որ «նա, ինչ խոսք, մարդասպան է». «Մենք հավատացինք Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին, որ Սաֆարովը ազատ չի արձակվի»,- նշել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե հայկական կողմն իրեն խաբված է զգում, որովհետև հունգարական կողմը նախապես չի զգուշացրել նախապատրաստվող արտահանձնման մասին, Մ. Բրաունը ասել է, որ վստահ չի, թե ինչ գործընթաց է այս դեպքերում նախատեսված. «Հունգարիան նախկինում էլ նախադեպեր է ունեցել, երբ արտահանձվել են հանցագործներ և ես վստահ չեմ, թե որ ընթացակարգն է այս դեպքում ճիշտ` պարտավո՞ր է երկիրը տեղեկացնել այդ մասին տուժած երկրին, թե` ոչ: Ինձ թվում է` ոչ: Սա երկու երկրների գործն է, և մենք իսկապես ցավում ենք, որ Ադրբեջանը չպահեց իր խոստումը: Մենք խնդիրներ չէինք փնտրում Հայաստանի հետ, և Կովկասում խաղաղություն ենք ուզում»,- ընդգծել է ԵԽԽՎ-ում հունգարական պատվիրակության ղեկավարը ու խոստովանել, որ չգիտի, թե ինչպես պետք է կարգավորվի ստեղծված իրավիճակը. «Չգիտեմ: Հայ-հունգարական հարաբերություններում գնդակը հայկական դաշտում է, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերականգնել հարաբերությունները երկու երկրների միջև»,- ասել է նա, իսկ վերջում տեղեկացրել է, որ եղել է և' Հայաստանում, և' Ադրբեջանում, ու հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորում կունենա: Հիշեցնենք, նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը և Սամեդ Սեիդովը հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, իսպանացի պատգամավոր Յորդի Չուկլա-ի-Կոստան:

No comments:

Post a Comment