«Լրագիր» 3-10-2012- Ռոբերտ Քոչարյանի արձագանքն անսպասելի մեղմ էր ու հանդարտ, նույնիսկ Քոչարյանին ոչ այնքան բնորոշ: Ընդհանրապես, վերջին շրջանում երկրորդ նախագահը սկսել է իրեն ոչ այնքան բնորոշ տեքստերով հանդես գալ, որոնք քաղաքականապես շատ ավելի ադեկվատ են իրավիճակին, քան նրա նախկին հարցազրույցներն ու արձագանքները: Դրանք սովորաբար աշխատում էին հենց Քոչարյանի դեմ, իսկ վերջին շրջանի նրա հայտարարություններն ու արձագանքներն արդեն ակնհայտորեն քաղաքական աշխատանքի արդյունք են կամ դրսեւորում: Օրինակ, սաֆարովյան պատմության հանդեպ նրա արձագանքը, կամ արձագանքը Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցի հանդեպ: Եվ ահա արձագանք Վարդան Օսկանյանի գործով: Պետք է խոստովանել, որ թերեւս շատերն էին սպասում, որ Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն կգրոհի Սերժ Սարգսյանի դիրքերը: Անգամ կային սպասումներ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտարարության վերաբերյալ: Բայց, Ռոբերտ Քոչարյանն այդ առումով հիասթափեցրեց շատերին: Փաստացի, նա իր հայտարարությամբ ընդգծեց, որ առնվազն առաջիկա ընտրությանը չի վիճարկում Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ, որքան էլ տարօրինակ չթվա, վիճարկվում է իշխանությունը ԲՀԿ-ում՝ Գագիկ Ծառուկյանի իշխանությունը, որքան էլ նրա անունը բացակայում է հայտարարության տեքստից: Ռոբերտ Քոչարյանը կարծես թե ընդգծված տարանջատում է Օսկանյանին ԲՀԿ-ից, ներկայիս ԲՀԿ-ից: Բարգավաճ Հայաստանը Վարդան Օսկանյանի հանդեպ հետապնդումները հայտարարել է հետապնդում նաեւ ԲՀԿ-ի դեմ: Այդ իմաստով, այն, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ այդ մասին ոչ մի խոսք չկա, եւ հայտարարությունն ընդգծված վերաբերում է բացառապես Օսկանյանին, կարծես թե հուշում է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ակամայից միավորներ չդնել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կշռին: Չի բացառվում, ո Քոչարյանին օրինակ վիրավորել է Ադիբեկյանի վերջին հարցումը, որտեղ Ծառուկյանն իր վարկանիշով բարձր էր Քոչարյանից: Թեեւ, խնդիրն այստեղ իհարկե ավելի լուրջ է: Բանն այն է, որ ինչքան էլ ԲՀԿ-ն համարվում է Ռոբերտ Քոչարյանի «պրոտեժեությամբ» ստեղծված քաղաքական միավոր, միեւնույն է, Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ սկսեց որոնել քաղաքական կյանքում առավելապես ինքնուրույն կողմորոշվելու եւ դրսեւորվելու ուղիներ, իհարկե ինքնապահպանության գերակա շահով: Նկատի ունենալով թե Ծառուկյանի այսպես ասած ապաքաղաքական խառնվածքը, թե նրա գործարար կարգավիճակը, թե ընդհանրապես մարդկային տեսակը, թերեւս կարելի է եզրակացնել, որ Ծառուկյանն այդ իմաստով շատ ավելի փոխզիջումային ֆիգուր է, քան Քոչարյանը: Այսինքն, մի բան է, երբ ԲՀԿ-ում իշխում է Գագիկ Ծառուկյանի գիծը, եւ մեկ այլ բան, երբ կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի գծի տակ է: Վարդան Օսկանյանի անդամակցումը Բարգավաճ Հայաստանին նպատակ ուներ կուսակցության մեջ ուժեղացնել Ռոբերտ Քոչարյանի գիծը: Պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանը սկբնական շրջանում դիմադրում էր դրան, Օսկանյանի կարծիքները վերագրելով նրա անհատական տեսակետներին եւ կուսակցության վրայից հանելով պատասխանատվությունը դրանց համար: Քրեական գործը, որ հարուցվել է Օսկանյանի դեմ, Բարգավաճ Հայաստանին փաստացի ստիպեց այսպես ասած ճանաչել Վարդան Օսկանյանի ներկայությունը կուսակցությունում եւ ասոցիացիան ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն չէր կրող չանել այդ քայլը, այլապես կստացվեր, որ Ծառուկյանը չի կատարում իր խոստումն ու չի պաշտպանում իր կուսակիցներին: Չէ որ Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ով գործ ունի ԲՀԿ-ականների հետ, ուրեմն գործ ունի իր հետ: Այդպիսով, ստեղծված իրավիճակում ակնհայտ է ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի կշռի ավելացումը, ինչը նշանակում է Ռոբերտ Քոչարյանի գծի ավելացում ԲՀԿ-ում: Իր հայտարարության մեջ, Ռոբերտ Քոչարյանը հստակ եւ միարժեք շեշտադրումներ է անում Վարդան Օսկանյանի մարդկային գծերի վերաբերյալ, նրա մարդկային կերպարի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հենց այդ կերպարով, այդ մարդկային գծերով է կառուցել իր կերպարն ու իմիջը: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Օսկանյանին փաստացի հակադրում է Ծառուկյանին այսպես ասած նրա իսկ զենքով կամ գործիքով: Միեւնույն ժամանակ, երկրորդ նախագահը հայտարարում է, որ Օսկանյանը ներկայացնում է «լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն»: Երբ չի տրվում կուսակցության անունը որեւէ անգամ, այստեղ արդեն դրա հիշատակումը թերեւս տեղի է ունենում այլ լույսի ներքո, եւ Քոչարյանն ըստ երեւույթին ակնարկում է «այլ» կուսակցության, ուրիշ ԲՀԿ-ի մասին, որը Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ն է, որը փաստացի արդեն Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն է: Ակնհայտ է, որ ներկայիս ԲՀԿ-ն ի զորու չեղավ արդյունավետ կերպով սպասարկել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերը: Ռոբերտ Քոչարյանը թերեւս լավ է հասկացել, որ այդ ծրագրերը սպասարկելու համար անհրաժեշտ է նախ ԲՀԿ-ում լուծել իշխանության հարցը: Հայտնելով իր աջակցությունն ու համակրանքը Օսկանյանին եւ որեւէ անգամ չտալով ԲՀԿ անունը, Ռոբերտ Քոչարյանը փաստացի հենց դրանով էլ զբաղվում է եւ բավական ակտիվ քայլ կատարում կամ հայտնում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքի իր մտադրության մասին: Ընդ որում, պատահական չէ, որ Քոչարյանը հենց այս պահն է ընտրել ԲՀԿ-ում Ծառուկյանական գիծը հետ մղելու մտադրությունն ակնարկելու համար: Բանն այն է, որ Ծառուկյանի համար դրանից Սերժ Սարգսյանի մոտ պաշտպանություն գտնելու ամենաբարդ պահն է այժմ, նկատի ունենալով ԲՀԿ-ի կոշտ գնահատականը Օսկանյանի «գործի» առիթով: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ որոշակիորեն նկատելի էին նաեւ Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու տեսնելու մտադրության կամ ցանկության տարրեր: Բայց, այդ հանգամանքն էլ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է ոչ թե Սերժ Սարգսյանին խանգարելու, այլ ԲՀԿ-ում իշխանափոխության գործընթացը առաջ մղելու համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment