Saturday, March 28, 2009
ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Անդրադառնալով անցյալ տարվա իր հոդվածներից մեկում (տպագրված նաեւ «Ազգ»-ում) արծարծված թեմայինՙ արաբական մի շարք երկրների եւ Թուրքիայի միջեւ հողային ու նյութական պահանջներին, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է.
«ԱԶԳ» 28-03-2009- Սիրիայի, Եգիպտոսի եւ Իրաքի կառավարությունները, երկար բանակցություններից հետո կարծես թե միմյանցից առգրավված կալվածքների շուրջը համաձայնության գալու եզրին են: Անցյալ տարվա մայիսի 12-ին կայացած Բաշար-Էրդողան հանդիպման ժամանակ ստորագրված համաձայնագիրը շուտով կյանքի կկոչվի:
Թուրքիան պնդում է, որ 1956-ին սիրիական կառավարությունը հողային մեծ տարածքներ է առգրավել թուրք քաղաքացիներից: Անկարան, իր հերթին, 1966-ին Սիրիայի քաղաքացիներից է կալվածքներ առգրավել: 1972-ին, երկար բանակցություններից հետո, պայմանագիր է ստորագրվել համատեղ հանձնաժողով ստեղծելու եւ գնահատելու երկու կողմերի պահանջների չափը, ներառյալ Ալեքսանդրետի սանջակը 1938 թվին Թուրքիայի բռնազավթելու հետեւանքով սիրիահայերի թողած ժառանգության չափը:
Թուրքական կառավարությունն առգրաված սիրիական կալվածքների պահանջատիրության իրավական հիմունքները փոխանցել է ազգային անշարժ գույքի համընդհանուր տնօրենությանը: «Թուդեյզ Զաման» թերթի 2009-ի մարտի 3-ի համարում տպագրված Էրջան Յավուզի հոդվածի համաձայն, երկու երկրներում առգրավված կալվածքների ընդհանուր գումարը գերազանցում է 40 միլիարդ դոլարը (ներառյալ 1966-ից ի վեր վարձակալական եկամուտները): Անշարժ գույքի տնօրենությունն այդ սիրիական կալվածքները վարձակալության է տվել թուրք գյուղացիներին եւ գործարարներին: Երկրի Կենտրոնական բանկը վարձակալական այդ գումարները պահում է «Օրինական տերերը» հատուկ բացված հաշվեհամարով: Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ մինչեւ 2010 թիվը Կենտրոնական բանկը կվերադարձնի պահանջատերերին կուտակված գումարները:
Ազգային անշարժ գույքի տնօրենության տվյալներով, սիրիացիները Թուրքիայում որպես սեփականություն ունեն 15.067 կալվածքներ, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 135 հազար հա: Դրամական արժեքով դա գնահատվում է մոտ 10 միլիարդ դոլար: Իսկ Սիրիայում թուրքական կալվածքները գնահատվում են, ըստ Յավուզի հոդվածի, մոտ 40 միլիարդ դոլար:
Թուրքիայի հետ նույնանման խնդիրներ ունեն նաեւ Եգիպտոսն ու Իրաքը: 1982-ին թուրք պաշտոնյաները Եգիպտոսի հետ համաձայնություն կնքեցինՙ հարթելու այդ խնդիրները: 1985-ին Իրաքի հետ կնքվեց համաձայնագիր, որով 5 տարում սեփականատերերը կարող էին պահանջագիր ներկայացնել: Այդ ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: Ըստ թուրքական պնդումների, թուրքերն Իրաքում ունեն 160 հազար ակր հողատարածք, 150 շինություն, 11 բարեգործական հիմնադրամներ, ավելի քան 2 միլիոն իրաքյան դինար եւ 8 հազար ֆունտ ստեռլինգ: Իրենց հերթին, իրաքցիները պնդում են, որ Թուրքիայում ունեն 48 շինություններ եւ 11 հողատարածքներ: Ամերիկյան ներխուժումը հետաձգեց այս խնդիրների կարգավորումը:
Սիրիայի, Իրաքի եւ Եգիպտոսի հայկական կազմակերպությունները պետք է զգուշացնեն իրենց հայրենակիցներին, որ շատ ժամանակ չի մնացել պահանջատիրական հայտեր ներկայացնելու համար: Նրանքՙ պահանջատերերը կարիք չունեն անձնական իրավաբաններ վարձելու, քանի որ կառավարություններն իրենք են այդ խնդիրներով զբաղվում: Նրանք պարզապես պետք է իրենց համապատասխան կառավարություններին դիմեն որոշակի փաստաթղթեր ներկայացնելով:
Սա եզակի հնարավորություն է, որից պետք է օգտվեն այդ երկրներում ապրող մեր հայրենակիցները: Համաձայնագրերի վերջնաժամկետներից հետո որեւէ քայլ անելն ապարդյուն է լինելու:
No comments:
Post a Comment