Sunday, December 13, 2009
ԱՄՆ-ն միացել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԵՄ հայտարարությանը
Aysor.am. 12-12-2009- ԱՄՆ-ն միացել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Եվրամիության «խոր անհանգաստություն» հայտնող հայտարարությանը և եվրոպացի գործընկերների հետ կոչ է արել Իրանին լիովին իրականացնել իր կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները: Այս մասին, Ինտերֆաքսի տեղեկացմամբ, ասվում է ուրբաթ օրը Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ:
«Կառուցողական բանակցությունների մասին առաջարկությունը մնում է սեղանին, և մենք կոչ ենք անում Իրանին կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ընդգծել է ամերիկյան վարչակազմի մամլո-քարտուղարը:
Ըստ նրա, եթե Իրանը ի վիճակի չէ իր միջուկային ծրագիրը համապատասխանեցնել ՄԱԿ-ի Անվատանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին, ապա «դա կունենա լուրջ հետևանքներ»:
Սպիտակ Տան ներկայացուցչի խոսքերով, ամերիկյան կողմը Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակում է հետամուտ լինել հարցը խաղաղ դիվանագիտական ճանապարհով լուծելուն:
«Մինչ ներկա պահը Իրանը ջանքեր չի գործադրել վստահության համար, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկությունը` Թեհրանի ռեակտորը հետազոտելու համար»,- ընդգծել է Սպիտակ Տունը:
«Ընդհակառակը, վերջին ամիսներին Իրանի ղեկավարության գործողությունները խորացրել են միջազգային հանրության անհանգստությունը, և նրանք վստահ չեն, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում»,- ասվում է հայտարարության մեջ:
No comments:
Post a Comment