Sunday, December 13, 2009

Փորձագետ. Քրդական կուսակցության փակումից հետո Թուրքիայի շրջաններում քուրդ զինյալները ավելի կակտիվանան

News.am. 12-12-2009- Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակումից հետո Թուրքիայի շրջաններում քուրդ զինյալները ավելի կակտիվանան, եւ հնարավոր է ապստամբություններ սկսվեն հարավ-արեւելյան շրջաններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում քրդական զինված խմբավորումները ակտիվացրել էին գործողությունները։ «Թուրքական մամուլը շտապեց այդ ակտիվացման համար մեղադրել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին»,- նշեց թուրքագետը՝ ընգծելով, որ հատկապես այս տարի Թուրքիայում ակտիվացել է հակաամերիկանիզմն ու հակասեմականությունը։ Ըստ նրա՝ այդ երեւույթին մեծապես նպաստել է Թուրքիայի վարչապետի վարքը։ «Թուրքիան, լինելով Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը, Իրաքի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու համար արգելեց օգտվել իր օդանավակայաններից, օրերս էլ մերժեց Աֆղանստան զորախումբ ուղարկելու Օբամայի առաջարկը, իսկ Իսրայելին մեղադրեց Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ»,- նշեց փորձագետն՝ ավելացնելով, որ Էրդողանի պահվածքը արդարացնում է Թուրքիայի բնակչության մեծ մասը։ Ըստ Լ.Հովսեփյանի՝ Էրդողանը Թուրքիայում մեծ ժողովրդականություն վայելող լիդեր է, որի յուրաքանչյուր խոսքի հետ հաշվի են նստում, եւ ընդունում նրա դիրքորոշումը տարբեր հարցերում։ «Էրդողանը այն քաղաքական գործիչներից է, որ արտաքին քաղաքականությունը կառուցում է իր ընտրազանգվածի կարծիքը հաշվի առնելով»,-ասաց նա՝ նշելով, որ Էրդողանի ժողովրդականությունն ու իսլամիստական սկզբունքները դուր չեն գալիս հատկապես քեմալականներին եւ ազգայնականներին, որոնք եւս լուրջ ազդեցություն ունեն Թուրքիայում։ «Ժողովրդավարական հասարակություն» քրդական կուսակցության փակմանը հնարավոր է մեծապես նպաստած լինեն զինվորականները, որոնք գրեթե ամբողջությամբ հարում են քեմալական, ազգայնական գաղափարախոսություններին",- կարծիք հայտնեց թուրքագետը՝ ավելացնելով, որ դեռեւս մի քանի ամիս առաջ Թուրքիայի զինվորականությունը դեմ էր արտահայտվել քրդական բարեփոխումներին՝ նշելով, որ քրդերին արտոնություններ տալով՝ Թուրքիան կմասնատվի։

No comments:

Post a Comment