Monday, January 11, 2010

«Հույներն աշխատել են նսեմացնել հայկական իրավունքները»

Panorama.am. 11-1-2010- Այսօրվա ասուլիսում Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն, անդրադառնալով դեկտեմբերին Երուսաղեմում տեղի ունեցած հայ և հույն հոգևորականների միջև տեղի ունեցած բախմանը, նշեց, որ նմանատիպ կոնֆլիկտներ ավանդաբար եղել են: Այս հակամարտության հիմքերը խորը պատմական արմատներ ունեն. դրանք գալիս են 6-րդ դարից: Հիշեցնենք, որ հայ և հույն հոգևորականների միջև Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում տեղի էր ունեցել բախում, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։ Հույն հոգևորականները փորձել են հայերին դուրս բերել տաճարի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։ Հայ հոգևորականի խոսքերով, հայերի շրջանում եղել են վիրավորներ: Նման դեպքերը Երուսաղեմում տեղի են ունենում հիմնականում Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի կամ Հարության եկեղեցական տոների կապակցությամբ: Պատճառն այն է, որ հույն հոգևորականներին դուր չի գալիս, որ ավանդաբար հայ հոգևորականները մեծ դերակատարում ունեն Երուսաղեմում տեղի ունեցող արարողությունների ժամանակ: «Հին հակամարտություններն այսօր նորովի են դրսևորվում, սակայն դրանք այսօր առավել ևս անթույլատրելի են, քանի որ պայմանները և պատճառները, որոնք կային միջնադարում, այսօր չկան: Այս կոնֆլիկտը ուղղակի ամբիցիանների հարց է և այն իր մեջ որևէ բարոյական արդարացում չունի»,- հավելեց նա: Վ. Դևրիկյանի խոսքերով, այս կոնֆլիկտում հայերը միշտ պաշտպանական դիրքում են եղել, քանի որ ավանդաբար պատմության մեջ հույներն են աշխատել նսեմացնել հայկական իրավունքները: «Այսօր էլ նույն է շարունակվում, քանի որ նրանք չեն ընդունում Երուսաղեմի հայոց պատրիարքությանը` որպես Հակոբոս Տիրա Եղբոր առաքելական աթոռի հաջորդություն, այնպես որ անվերապահորեն կարելի է ասել, որ մեղքն իրենցն է: Հույների այդ քայլը պատիվ չի բերում թե Երուսաղեմի հունաց պատրիարքին, թե նրանց հոգևորականությանը»-ասաց նա: Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանան նշեց, որ այդ միջադեպը շատ տխուր և քրիստոնյաների համար պախարակելի երևույթ է: «Հույների այդ արգրեսիվությունը գալիս է տեղի իշխանությունների թելադրանքից և նրանք գործիք են դառնում այդ կոնֆլիկտում»,-ասաց նա: Նա նշեց, որ խնդիրը նաև այն է, որ Իսրայել պետությունը անգամ չի էլ ճանաչում հայոց պետականությունը, դրա համար մեր պետությունն այդ կոնֆլիկտիներին չի կարող միջամտել: «Մեր հոգևորականությունը զինվորյալ է այնտեղ, մենք ստիպված բռունցքի ուժով ենք պահպանում մեր տարածքները, այլապես մենք կորած ենք: Իմ կարծիքով, սա մեր ինքնության պաշտպանության խնդիրն է, որ մենք ուղղակի պետք է անենք միասին»,- հավելեց նա: Շահեն քահանայի խոսքերով, կոնֆլիկտի խորքում շատ ուժեր կան: Նա նշեց, որ հրեական պետության խնդիրը Սիոն լեռան շրջակայքում ապրող հայերին տեղահան անելն է:

No comments:

Post a Comment